1

fb you od

Վիրահայոց Թեմի Առաջնորդն այցելեց Սամցխե-Ջավախք PDF Տպել Էլ.փոստ

gl

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը հունիսի 16-ին այցելեց Սամցխե –Ջավախք:

Վիրահայոց Թեմի Առաջնորդը Ախալցխայի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»

եկեղեցում մասնակցեց կիրակնօրյա Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր հոգևոր հովիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը: Պատարագի ավարտին օրվա խորհրդի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի վերաբերյալ քարոզով հանդես եկավ Վիրահայոց Թեմի Առաջնորդը:

Կիրակնօրյա պատարագից հետո Թեմակալ առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը հանդիսապետեց Արցախյան ազատամարտում զոհված, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողությունը:

Թեմակալ Առաջնորդը հանդիպում ունեցավ նաև տեղի հասարակայնության հետ:

Այնուհետև Սրբազան հայրը հանդիպեց եկեղեցու ծխական խորհրդի անդամների և հոգևոր հովիվ Հակոբ աբեղա Սահակյանի հետ:

Եկեղեցական արարողությունների ավարտից հետո Վիրահայոց Առաջնորդը եկեղեցուն կից գործող Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործական միությունում ներկա գտնվեց մեծ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110 ամյակին նվիրված հանդիսությանը: Ցերեկույթը կազմակերպել էր Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը՝ Ալեքսանդր Իգիթխանյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի շրջանային վարչության փոխնախագահներ Աշոտ Մանասյանը եւ Մալխազ Ժուժունաձեն,Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Գրիգորենցը, հոգևոր դասի և մտավորականության ներկայացուցիչներ:

Միջոցառմանն իր մասնակցությունն էր բերել և խոսքով հանդես եկավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, մայր հայրենիքից ժամանած գործարար-բարերար, Սոս Սահակյանը:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կենսագրությունը, որից հետո հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Հյուրերին ընդունեց և ողջույնի խոսք ասաց Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության ղեկավար Ալեքսանդր Իգիթխանյանը:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմակալ Առաջնորդը այցելեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի շրջանի հայության ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որտեղ փոխառաջնորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի հետ քննարկեց փոխառաջնորդությանը հուզող հիմնահարցերը:

Սրբազան Հայրը եղավ նաև Նինոծմինդայում և տեղի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանից հետաքրքվեց Ռաֆայել Ղարսլյան կրթա-մշակութային կենտրոնի վերանորոգման աշխատանքների հարցով: