1

fb you od

Համբարձման օրվան, Հայրենական պատերազմի Մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված հանդիսություններ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

trndez

Մայիսի 9-ին Վիրահայոց թեմում մեկնարկեցին Համբարձման տոնին, Հայրենական պատերազմի Մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառումները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մայիսի 9-ին նշեց Համբարձման տոնը: Այդ օրը  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում պատարագիչ քահանան՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել Թորոսյանը քարոզախոսքում մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին:

Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման տոնը, որ ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում, շարունակվեց եկեղեցու բակում: Տոնահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպել էր կենտրոնի երիտասարդաց սիրողական «Տարոն» երգի-պարի խումբը՝ պարուսույց Նարինե Ղուշչյանի գլխավորությամբ:

Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքվել էին ծաղկեպսակներով զուգված աղջիկներ ու հարսներ, ջահել տղաներ ու բազմաթիվ հավատացյալներ: Եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսեց օրվա խորհրդի մասին և բոլոր Համբարձումներին շնորհավորեց իրենց անվանակոչության տոնի առթիվ: «Համբարձում յայլա» մեղմանուշ երգի մեղեդու ներքո սկսվեց ժողովրդական տոնահանդեսը, որին իրենց մասնակցությունն էին բերել «Հայարտուն» կենտրոնի »Տարոն» երիտասարդաց երգի-պարի խումբը, «Ջեյրան» «Անի» և «Վանք» պարային համույթները, մենակատարներ Անի Ղուշչյանը, Ռուբեն Ոսկանյանը և Հովհաննես Շահնազարյանը:

Կենդանի ծաղիկներ էին դարձել «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Մովսես Խորենացու» անվան նախակրթարանի սաները, ովքեր տոնահանդեսին առանձին գեղեցկությունլ հաղորդեցին իրենց փայլուն արտասանություններով և նազելի պարով: Բացելով ժողովրդական տոնահանդեսը, Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի ներկայացմամբ տարածվում էր հայկական ժողովրդական երգն ու պարը ու բոլորին հրավիրում Համբարձման տոնահանդեսի, որը լինելով հայ ժողովրդի ավանդական տոներից մեկը՝ նաև  պես-պես ծաղիկների   տոն է, գարնանային գեղեցկության զարթոնք:

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանն էր նվիրված Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանավորությամբ Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում կազմակերպված Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված «Հայոց Գողգոթա» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը իրենց ներկայությունն էին բերել Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը,   Վրացական Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի   միտրոպոլիտ Նիկոլոզը, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը և այլոք:

Ցուցահանդեսը բացեց և Շուշիի ազատագրման և Մեծ Հաղթանակի տոների կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը:

Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության ղեկավար Հայկազուն Ղարագուլյանը, տեղական դպրոցի տնօրեն Կառլեն   Կարապետյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման օրվա, Մեծ Հայրենականի Հաղթական ավարտի և Շուշիի ազատագրության կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումն ավարտվեց երիտասարդական կենտրոնի սաների ուժերով տրվեց համերգով:

Նույն օրը երեկոյան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում   Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Ախալցիխեի և մերձակա շրջանների հայության հոգևոր տեսուչ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ կատարվեց   երեկոյան ժամերգություն և անդաստանի արարողություն: Հիսուս Քիրստոսի համբարձման տոնի հանդիսությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները և ժողովրդի հոծ բազմություն: Եկեղեցու բակում Շուշիի ազատագրման եւ Սբ. Համբարձման տոների առթիվ Թեմակալ առաջնորդի ներկայությամբ տեղի ունեցավ ազգագրական երգերի ու պարերի համերգ, որը կազմակերպել էր Ախալցիխեի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնը:

Միջոցառման ավարտին ներկաներին բաշխելով իր օրհնությունը Վիրահայոց Թեմի առաջնորդը շնորհավորեց Շուշիի ազատագրման և Հայրենական պատերազմի հաղթանակի կապակցությամբ:Սրբազան Հայրը խոսեց Շուշիի ազատագրման և մեծ հաղթանակի կարեւորության մասին:

Այնուհետև Թեմակալ Առաջնորդը ուղեկիցների հետ միասին այցելեց Ախալցիխեի Վահրամ Գայֆեճյան ստեղծագործողների միություն, որտեղ կայացավ հանդիպում արվեստի հայ գործիչների, մտավորականության և տեղի համայնքային ներկայացուցիչների հետ:

Տոնական մթնոլորտը Ախալցիխեում շարունակվեց մինչև ուշ երեկո:

Համբարձման տոնը Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում նշանավորվեց հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի գլխավորությամբ մատուցած Սուրբ Պատարագով: Այնուհետև   Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման կապակցությամբ Բաթումիում բնակվող Հայրենական պատերազմի վետերաններին հայ համայնքի կողմից բաժանվեցին տոնական նվերներ:

 

www.facebook.com/media/set/?set=a.372412882875530.1073741903.113192792130875&type=3