1

fb you od

Զատկական Սուրբ Պատարագներ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

904521 355940864522732 1964970124 o

Մարտի 31-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Զատկական Սուրբ պատարագներ մատուցվեցին նաև Վիրահայոց Թեմում: Տոնական օրերին ուխտավորագնաց այցելությամբ Աջարիայում էր գտնվում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հոր հանդիսապետությամբ շաբաթ օրը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Կիրակի օրը բազում հավատացյալների մասնակցությամբ Սուրբ Հարության տոնի առիթով Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Բաթումիում «Սուրբ Փրկիչ» եկեղեցում մատուցեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն ընթերցեց Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամն ու օրհնությունը՝ հղած աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ ավետելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով տոնական Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Սամցխե-Ջավախքում՝ ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի գլխավորությամբ: Մարտի 30-ին, Ավագ շաբաթ օրը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում երեկոյան մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչ քահանան՝ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ Ղուշչյանը հավարտ Պատարագի ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Այնուհետև Թբիլիսիի Սուրբ էջմիածին եկեղեցու հոգևոր դասը զանգերի ղողանջների ներքո, հավատացյալների շնորհավորանքների ուղեկցությամբ դուրս գալով եկեղեցու բակ, տնօրհնեքի կարգ կատարեց «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նստավայրում: Կիրակի օրը հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվեց Սուրբ Պատարագ՝ նվիրված Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը: Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամներ Գիգի Ծերեթելին, Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի պատժա-կատարողական, պրոբացիայի և իրավաբանական օգնության հարցերով նախարար Սոզար Սուբարը, Վրաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, համայնքային պաշտոնյաներ և բազում հայորդիներ: Պատարագիչ քահանան շնորհակալական խոսքեր ուղղեց Վրաստանի պաշտոնյա այրերին, ովքեր ի նշան հարգանքի եկել էին վիրահայությանը շնորհավորելու Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով: Սուրբ Զատկի կապակցությամբ վիրահայությանը շնորհավորական ուղերձներ էին հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վիրահայոց Թեմում Սուրբ Հարության տոնի նշանավորումը լուսաբանվեց վրացական զանգվածային լրատվության տարբեր միջոցներով: