Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 22-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ Թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցի «Սասունցի Դավիթ» թեմայով բաց դասը: Դասին ներկա էին Թեմի պաշտոնեությունը՝ Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ արժ. Տեր Տաթև քհն. Մարուքյանի հետ, ինչպես նաև ուսուցիչներ, ծնողներ: Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը խոսեց մեկօրյա դպրոցի ուսուցման ծրագրի ընդլայնման մասին, ինչը սաներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ գրականության հարուստ գանձարանին, սերտելու հատվածներ և անգիր սովորելու նմուշներ, որոնք ուղեկցելու են նրանց ողջ գիտակցական կյանքում: Ուսուցչուհի Թամարա Գաբոյանը անդրադարձ կատարեց 1000-ամյա հայոց դյուցազներգությանը, խոսեց Հովհ. Թումանյանի կողմից էպոսի մշակության մասին և սույն դասի անցկացումը այս կենտրոնում անվանեց նպատակային, Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ: Մեկօրյա դպրոցի սաները գեղեցիկ հայերենով պատմեցին հայոց դյուցազներգության բովանդակությունը, արտասանեցին հատվածներ, հիշեցին մեծերի ասույթները «Սասունցի Դավիթ» էպոսի մասին: Ներկաները դասի և ընդհանուր առմամբ կիրակնօրյա դպրոցի մասին կիսեցին իրենց տպավորությունները: Արժ. Տեր Տաթևը իր օրհնությունը բաշխեց մեկօրյա դպրոցի սաներին, ովքեր թեև օտարալեզու կրթություն են ստանում, բայց սիրում և գնահատում են իրենց մայրենին, խոհա-փիլիսոփայական գաղափարներով հայուստ հայ գրականությունը և հորդորեց նրանց սովորել, սերտել ու մտածել մայրենիով: Կենտրոնի հյուրընկալ-էքսկուրսավար Գոհար Մազմանյանի ուղեկցությամբ սաները շրջայց կատարեցին Թումանյանի տանը, լսեցին նրա պատմածը Թումանյանի և նրա տան մասին:
|