Լուրեր
|
2018 թվականի նոյեմբերի 29-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալեց Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետենկոուրտին: Երկու Սրբազան հայրերը Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք արեցին, ապա թեմակալ առաջնորդը հյուրին ներկայացրեց Վիրահայոց թեմի Մայր Եկեղեցու պատմությունը և նրա այսօրվա առաքելությունը: Վատիկանի դեսպանի հետ զրույցը շարունակվեց Թեմի առաջնորդարանում: Վազգեն եպիսկոպոսը ողջունեց Վատիկանի նունցիի այցը, շնորհավորեց նրա ծառայությունը Անդրկովկասում և հաջողություններ մաղթեց ծառայողական առաքելության մեջ: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Վատիկանի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի փոխհարաբերությունները, որոնք ձևավորված են փոխադարձ հարգանքի և եկեղեցական առաքելության ընդհանուր տեսիլքի վրա: Սրբազանը երախտագիտություն հայտնեց Վատիկանին՝ որ առաջիններից ընդունեց Հայոց ցեղասպանությունը, որ Սբ. Գրիգոր Լուսավորչի և Սբ. Գրիգոր Նարեկացու արձանները կանգնեցվեցին Վատիկանում և Սբ. Գրիգոր Նարեկացին հռչակվեց որպես Տիեզերական վարդապետ: Արքեպիսկոպոս Խոսե Բետենկոուրտը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ինքը նույնպես արձանագրեց հայ և հռոմեական կաթոլիկ Եկեղեցիների բարեկամական ու ջերմ հարաբերությունները, որոնք ունեն գործնական բնույթ: Վատիկանի դեսպանը ողջունեց Վիրահայոց թեմի առաջնորդի և Հռոմեա-կաթոլիկ Եկեղեցու վարչության ղեկավար Գրշ. Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոի գործնական և եղբայրական հարաբերությունները և հույս հայտնեց, որ 2019 թվականի հունվարի 25-ին Թբիլիսիի Հռոմեա-կաթոլիկ Եկեղեցում անցկացվելիք էկումենիկ աղոթքը ավելի կջերմացնի քրիստոնեական հնամենի եկեղեցիների հավատացյալների և հոգևոր դասի փոխհարաբերությունները: Հանդիպմանը հոգևոր երկու սպասավորները շոշափեցին նաև Վրաստանում քրիստոնեական եկեղեցիներին հուզող հիմնախնդիրների հարցը, ինչպես նաև Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունները: Թեմակալ առաջնորդը և Վատիկանի դեսպանը գոհունակություն հայտնեցին, որ անկախ նախընտրական շրջանի կրքերի բորբոքումից, ընտրություններն անցան խաղաղ,ինչը երկրի կայունության և լավ ապագայի հույս է ներշնչում: Հանդիպմանը նաև անդրադարձ կատարվեց քրիստոնեական հավատքի ուժին, որը եղել է երկու եկեղեցիների կողմից ստեղծված հոգևոր մշակույթի մեծ ներշնչանքը, որով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակել են երկու եկեղեցիների հետևորդները: Հանդիպման ավարտին Վատիկանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, փոխանցեց Վատիկանի թանգարաններից մեկի մասին ալբոմ և Թեմակալ առաջնորդին հրավիրեց առաջիկայում այցելել Վատիկանի դեսպանատուն:
|