2018 թվականի նոյեմբերի 21-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Ջինիշյան հիշատակի սրահում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կայացավ Հովհ. Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների համակարգման համայնքային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության քարտուղար Արթուր Սարգսյանը, Թբիլիսիի համայնքային կառույցների ղեկավարներ, Ախալցիխեի, Ախալքալաքի ներկայացուցիչներ: Տերունական աղոթքից հետո, Թեմի առաջնորդը ի մասնավորի նշեց, որ տարին հոբելյանական է, հայ գրականության և մշակույթի մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները իրականացվելու են նաև Վրաստանում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Ախալցիխեում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և հայաբնակ մյուս վայրերում: Միջոցառումների նպատակն է վրաց հասարակությանը, Վրաստանում ապրող ազգային և կրոնական համայնքներին, ինչպես նաև հայ համայնքին ներկայացնել հայ գրականության և մշակույթի այս երկու մեծերին, մեկ անգամ ևս հանրայնացնելով հայոց հնամենի մշակույթը և արվեստը: Սրբազան Հայրը ներկայացրեց հոբելյանները հավուր պատշաճի նշելու համար նախընտրած հանձնաժողովի կազմը, որի մեջ ընդգրկված են թբիլիսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև հայաբնակ տարածաշրջանների ներկայացուցիչները: Այնուհետև Վիրահայոց թեմի մամլո խոսնակի կողմից կետ առ կետ ներկայացվեց այն մասշտաբային միջոցառումների նախագիծը, որը ներառում է Հովհ. Թումանյանի հեքիաթների և քառյակների վրացերեն թարգմանություններ, հրատարակություն և շնորհանդեսներ, գեղարվեստական երեկոներ նվիրված Հովհ. Թումանյանին և Կոմիտաս վարդապետին, թատերական ներկայացումներ, հայ և վրացի գրողների հանդիպումներ, ցուցահանդեսներ: Միջոցառումներ են իրականացվելու են Վիրահայոց թեմի կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների, «Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի, Ախալցիխեի, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնների, համայնքային կառույցների, Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնի, «Վրաստան» թերթի, Հայկական դպրոցների ուժերով և Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի կրթության և մշակույթի, Վրաստանի,Վրաստանի քաղաքացիական ինտեգրման և ներողամտության նախարարության, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների, Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի, Թբիլիսիի Վանո Սարաջիշավիլիի անվան կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ: Նախագծի քննարկումը հետաքրքիր էր, հագեցած բազում լրացումներով և առաջարկություններով, որ կատարվեցին հանձնաժողովի անդամների կողմից: Որոշվեց հանձնաժողովի անդամները էլեկտրոնային կարգով հանձնաժողովի քարտուղարությանը ուղարկեն տեղերում նախատեսված իրենց միջոցառումների ծրագիրը: Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: Հոբելյանական միջոցառումները Վիրահայ համայնքում կմեկնարկեն 2019 թվականի փետրվարի 19-ից, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն այցելությամբ և ծաղիկների խոնարհմամբ Ամենայն Հայոց բանաստեղծի շիրիմին:
|