2018 թվականի հուլիսի 1-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի փոխառաջնորդարանում կայացավ տեղի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցի հաշվետու համերգը: Ներկայացուցչական էր դահլիճը: Տեղեր էին զբաղեցրել Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը, մունիցիպալիտետի Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով վարչության պետ Վալերի Ստելմաշովը և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ծնողներ, ուսուցիչներ, սաներ: Հաշվետու համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի ընկերակցությամբ: Ընդունված կարգի և ավանդական դարձած գործելակերպի շրջանակներում ուսումնական տարվա վերջին սաները հանդես եկան համերգային ծրագրով, ներկայացնելով իրենց ձեռքբերումները և ցուցադրելով կատարողական վարպետությունը: Ճոխ էր համերգը՝ դաշնամուր, կիթառ, բասկիթառ, ջութակ, լարային և փողային այլ գործիքներ, որոնց նվագակցությամբ հնչեցին դասական, ժողովրդական, էստրադային ոլորտի տարբեր երգահանների ստեղծագործությունները, արժանանալով ներկաների բուռ ծափահարություններին: Հուզիչ էին նաև երաժշտության ուսուցիչների անհատական կատարումները, որոնք վերջիններս հնչեցրին թեմակալ առաջնորդի պատվին: Համերգի ավարտին իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդը իր շնորհավորանքը բերեց երաժշտական դպրոցի սաներին՝ իրենց գեղեցիկ կատարումներով օրը հիրավի տոնական դարձնելու համար, ինչը նաև յուրօրինակ քննություն-հաշվետվություն էր: Սրբազանը բարձր գնահատեց մանկավարժների նվիրական աշխատանքը, ում ջանքերով այս տղաների ու աղջիկների առջև բացվում են արվեստի դռները, նրանք ձեռք են բերում մասնագիտություն, որը երբեք իզուր չի լինում: Ախալքալաքի երաժշտական դպրոցի հաշվետու համերգը դարձավ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության, ի մասնավորի երաժշտական ունակությունների զարգացման ուղղությամբ կատարված արգասաբեր աշխատանքի վկայություն:
|