Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, 2018 թվականի հունիսի 16-ին կազմակերպվեց թբիլիսահայ հավատացյալների մեկօրյա ուխտագնացությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի սրբավայրեր: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, թբիլիսահայ շուրջ 50 ուխտավորներ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի առաջնորդությամբ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ուղևորվեցին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի 18-րդ դարի կառույց Յոթ վերք զորավոր եկեղեցի: Ուխտագնացությունը ցանկալի է՝ Արարարչին մերձենալու, մոմեր վառելու և աղոթք անելու խորհրդով: Ուխտավորների տրամադրությունը բարձր էր՝ ուխտի ճանապարհի ծանրությանը դիմակայելու պատրաստակամությամբ և հոգևոր արարողություններին մասնակցելու սիրով: Օրը նշանավոր էր. թբիլիսահայերի նպատակն էր Գյումրիում մասնակիցը դառնալ համազգային տոնին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտին նվիրված սրբալույս Պատարագին: Տեղ հասնելով Սուրբ Պատարագի վերջին, այնուամենանիվ ուխտավորները մասնակցեցին խոստովանության կարգին և ստացան հաղորդություն: Հոգեպես մաքրվելուց հետո ուխտավորները Աստվածատենչ սիրով մոմեր վառեցին և սրտի փափագով աղոթք արեցին խնդրակատար հինավուրց եկեղեցում: Ուխտավորների համար հետաքրքիր և հոգեթով էր այցելությունը Մարմաշեն: Այստեղ նրանք ուխտի աղոթք բարձրացրին 10-րդ դարի կառույց Կաթողիկե տաճարում, որն իր ժամանակին միավորել է հինգ եկեղեցիներ, իսկ այսօր կանգուն են մնացել երկու տաճարները, որտեղ չի նվազում ուխտավորների և զբոսաշրջիկների այցը, պարբերաբար մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում ծիսական արարողություններ: Թբիլիսահայերի ուխտագնացությունը ունեցավ նաև աշխարհիկ հագեցվածություն: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի հրավերով, թբիլիսահայերը այցելեցին ճանաչված նկարչուհու հիմնադրած և արդեն չորս տասնամյակ ճանաչված նկարչուհու կողմից ղեկավարվող Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոն: Անմիջականորեն դրսում, կենտրոնի շենքի դիմաց հյուրերն արժանացան նրա սաների բարիգալստյան համերգին և տնօրինության ողջույնին: Այնուհետև թբիլիսահայերը տնօրենի առաջնորդությամբ շրջայց կատարեցին 1200 քառ. մետր զբաղեցնող կենտրոնի դասասենյակներով, դահլիճներով և կաբինետներով: Գեղագիտության ազգային կենտրոնը, որի նպատակը հայկական ավանդական արհեստների պահպանումը և տարածումն է, ամենօրյա կտրվածքով իր գիրկն է առնում 3-18 տարեկան տարիքի 450 աշակերտի ու նրանց սովորեցնում ավանդական տարբեր արհեստների և արվեստի հմտություններ: Անջնջելի տպավորություններով, հպարտության զգացումով կենտրոնին, նրա ղեկավարին, համահունչ գործող մանկավարժական կազմին ջերմագին բարեմաղթանքներից հետո ուխտավորները շարունակեցին ճանապարհը: Ուխտավորները զմայլանքով դիտեցին և սիրով վերհիշեցին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, Մկրտիչ Արմենի անմահ «Հեղնար աղբյուր» պատմության հիման վրա ճիշտ նույն տեղում և նույնությամբ կառուցված Հեղնար աղբյուրը, որի հանդիսավոր վերաբացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Վերանորոգված և նորացված Հեղնար աղբյուրը, որի խորհուրդը ավանդական ընտանեկան հավատարմության պահպանումն է՝ պատվախնդրության և բարոյականության նորմերով, վարպետ Մկրտչի կերպարով այսօր էլ դարձել է պատգամ հայ ընտանիքների համար: Անջնջելի տպավորություններով, ուխտի կատարման ակնկալիքով վիրահայ ուխտավորները նույն օրը ուշ երեկոյան վերադարձան Թբիլիսի: Յոթ Վերք եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին անունով, գտնվում է Գյումրիում: Եկեղեցու վայրում XVII դարում Կամսարական իշխանների կառուցած մատուռում պահվում էր “Յոթ Վերք” սրբապատկերը: Հենց այդ պատճառով էլ նոր կառուցված եկեղեցին (1873-1884թթ.) կոչվել է «Յոթ Վերք»: Այն յուրահատուկ է նաև նրանով, որ ունի հինգ տարբեր խորաններ` նախատեսված տարբեր դավանանք ունեցող համայնքների համար: Եկեղեցու գլխավոր խորանը ծառայել է հայ Առաքելական եկեղեցուն, այստեղ պատարագ մատուցելու իրավունքն ունեին միայն հայ հոգևորականները: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վնասվել և ընկել էին երկու գմբեթները, ներկայումս եկեղեցին վերանորոգվել է և գործում է իր ողջ հագեցվածությամբ:
|