Լուրեր
|
Հիրավի տոնական էր 2018 թվականի հունիսի 3-ը Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի համար: Այստեղ լավ էին պատրաստվել միաժամանակ երեք տոն նշելուն, համադրելով եկեղեցական և ազգային տոները: Դա Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի Վիրապի», Կաթողիկե Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տոներն էին: Օրը սկսվեց Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի կարևոր օրերի մասին, անդրադարձ կատարեց դրանց պատմությանը: Տոնական հանդիսությունը շարունակվեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում: Բացելով հանդիսությունը, կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկաներին շնորհավորեց հայ ժողովրդի կյանքում բեկումնային Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ազատամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և բեմահարթակը տրամադրեց կենտրոնի ստեղծագործական խմբերի սաներին ու կիրակնօրյա դպրոցի աշակերտներին: Իրար հաջորդեցին «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարային խմբի և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» վարժարանի սաների ներկայացրած հայրենասիրական, ազգագրական ուրախ երգն ու պարը, տոնական տրամադրություն ստեղծելով ներկաների մոտ: Առանձնահատուկ ուշադրության արժանացավ Բաթումի ժողովրդական թատրոնի անդամների կողմից ներկայացված Սարդարապատի ազատամարտից մի դրվագի բեմադրությունը: Միջոցառումն ավարտվեց Բաթումի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի սաների ներկայացրած հայրենասիրական հաղթական կոմպոզիցիայով:
|