2018 թվականի մայիսի 26-ին, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում և կենտրոնի մեկամյա գործունեության հանդիսություն: Տոնահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիկոպոս Միրզախանյանը՝ Գևորգ սարկավագ Անտոնյանի, Լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի և օպերատոր լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ընկերակցությամբ: Միջոցառմանը ներկա էին երիտասարդներ,դպրոցականներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Ներկայացվեց քաղաքի թիվ 23 հանրային վրացական դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, կենտրոնի սան Սերգո Զադոյանի նախաձեռնությամբ և ակտիվ երիտասարդներ Վիկտորյա Սականյանի, Կրիստինա Տիրոբյանի, Աննա Բադալյանի, Արթուր Սազվանձյանի և Դավիթ Սազվանձյանի ու մյուսների մասնակցությամբ կազմակերպված «Իմ Հայաստանը» միջոցառումը՝ նվիրված մայր հայրենիքին: Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցները արձանագրեցին Հայաստան աշխարհի պատմության էջերը, աշխարհագրական դիրքը, հինավուրց տաճարները և եկեղեցիները, մայրաքաղաքներն ու մարզերը: Միջոցառումը խոսքով և տեսանյութով գեղեցիկ շրջայց էր մայր հայրենիքով՝ նրա անցյալի ոլորաններով, ներկա կյանքով և փառավոր ապագայի տեսիլքով: Կենտրոնի սաները ելույթ ունեցան եկեղեցու խաչի կնքահայր՝ Գարի Նալբանդյանի նվիրած Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերով և գրությամբ մայկաներով, որը գեղեցիկ տեսք էր տալիս նրանց ելույթներին: Հնչեցին հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններ հայ պոեզիայից, ներկայացվեց հայոց պարն ու մեղմանուշ երգը, միջոցառումը դարձնելով հիրավի մայր հայրենիքի նկատմամբ սիրո և հպարտության ոգեշնչում: Տպավորիչ էր կենտրոնի տարեդարձին նվիրված տոնահանդեսը: Ընդամենը մեկ տարվա պատմություն ունի Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը: Այդ ժամանակաընթացքում միշտ բաց են եղել Կոստավա փողոցի թիվ 18 շենքում գտնվող կենտրոնի դռները: Այստեղ ամեն օր եղել է աշխուժություն. Երգի ու պարի, դհոլի ու դուդուկի խմբակների պարապմունքներ, կիրակնօրյա դպրոց, երիտասարդության համար դասախոսություններ, ժամերգություն և Սուրբ Պատարագ, ազգային և եկեղեցական տոների նշում, ցուցահանդեսներ, փառատոններ, ծննդյան տարեդարձ... Կենտրոնը դարձել է այն օջախը, որտեղ հավաքվում, միմյանց հետ ծանոթանում, մտերմանում են Ռուսթավիի հայերը, մերձենում ազգային մշակույթին, սովորում մայրենին, աղոթում հոգու կանչով: Եվ ահա եկավ ժամանակը տեսնելու կատարված աշխատանքի արդյունքը: Տարեդարձին նվիրված տոնահանդեսը դարձավ կենտրոնի մեկ տարվա հունձքի ցուցադրում, որն առատ էր, քանզի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, Սուրբ Եղիշեի անվան կիրակնօրյա դպրոցում ուսուցչուհի Մարգարիտա Շատարևյանի շնորհիվ տարբեր հասակի ռուսթավցիներ դառնում են տառաճանաչ և սովորում են մայրենին, տեղի այցելուները տեղեկանում են իրենց հոգևոր, մշակութային և պատմական ժառանգությանը: «Բերկրի» երգչախմբում խմբավար Իննա Դավիթաշվիլիի ղեկավարությամբ բազմաձայն կատարումներով հնչում են հոգևոր և ազգային երգերը: «Նեմրութ պարային համույթի սաները, պարուսույց Ստելլա Սելեպանովայի ջանքերով պարում են հայկական «Քոչարին», դուդուկի ու դհոլի խմբերը ուսուցիչներ Ռոբերտ Կաշավանիձեի և Իվանե Մկրտչյանի ուսուցմամբ հանդես են գալիս իրենց ծրագրային համարներով: Տոնահանդեսը դարձավ կենտրոնի գործունեության ցուցադրություն, որն իրականանում է իր առաքելությանը համահունչ հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանման, զարգացման և եկեղեցու շուրջ համախմբման ուղենիշով: Հավարտ միջոցառման՝ հոգևոր կենտրոնի խնամատար արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը գոհունակության խոսքեր ուղղեց Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնի աշխատակազմին, սաներին ու նրանց ծնողներին, ում համար կենտրոնը դարձել է հայրենական տուն, համախմբող կենտրոն, նաև Հայոց Եկեղեցու և հայեցի դաստիարակության օջախ: Վերջում օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վագեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ուղիղ մեկ տարի առաջ ստեղծված կենտրոնը, ճիշտ կազմակերպելով իր գործունեությունը՝ ռուսթավցի երիտասարդներին համախմբում և ոգեկոչում է հոգևոր, մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու համար: Սրբազան Հայրը խոսքն ավարտեց խմբակների թիվը ավելացնելու նոր հեռանկարով և Ռուսթավիում հայ մշակույթը պահպանելու և ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով: Հանդիսությունն ավարտվեց տոնական տորթի հյուրասիրությամբ:
|