2018 թվականի մայիսի 24-ին, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ անցկացված մրցույթներում (էսսեների, գեղագրության և նկարների մրցույթ) հաղթող ուսանողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Պետական համալսարանի վարչության ղեկավար Նունու Օվսյաննիկովան, Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կեկելիձեն, համալսարանի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: Վիրահայոց թեմից միջոցառմանը ներկա էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Գևորգ սարկավագ Անտոնյանը, Լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորեց հաղթանակած ուսանողներին, կարևորեց վրաց լեզվին տիրապետելու ցանկությունը և երկրի պետական լեզվով բարձրագույն կրթություն ստանալու նրանց որոշումը: Վրաստանի նախագահն իր խոսքում ընդգծեց, որ երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ոչ միայն պետք է ինտեգրվեն քաղաքացիալան հասարակությանը, այլև պետք է ընդգրկվեն այն երկրի բարգավաճմանն ու առաջընթացին, որն անպայմանորեն նրանց ծննդավայրն է, իսկ իրենք այդ երկրի լիիրավ քաղաքացիները: Ներկաները դիտեցին ազգային փոքրամասնության ուսանողների ուժերով նկարահանված տեսաֆիլմը՝ նվիրված Վրաստանի անկախության 100-ամյակին, որին հաջորդեց վրացերեն ներկայացրած գրական մոնտաժը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարար Քեթևան Ցիխելաշվիլին և Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին պատվոգրերով և հատուկ մրցանակներով պարգևատրեցին մրցույթներում հաղթանակած ազգային փոքրամասնության 23 ուսանողների, ովքեր «1+4» հանրակրթական ծրագրով Թբիլիսիի պետական, Իլիայի անվան, պոլիտեխնիկական, բժշկական համալսարանների, ՆԳ նախարարության ակադեմիայի, Ախալցիխեի, Գորիի, Բաթումիի, Քութաիսիի, Թելավիի, Սուխումիի պետական համալսարաններում մասնակցում են վրաց լեզվից նախապատրաստության կրթական ծրագրին ամբողջ Վրաստանի մասշտաբով: Հավարտ միջոցառման հայ ուսանողները մտերմիկ զրույց ունեցան Վիրահայոց թեմի ներկայացուցիչների հետ, խոստացան առավել հաճախակի մասնակցել Սուրբ Պատարագներին և Եկեղեցիներում իրականացվող տարբեր միջոցառումներին: Վերջում ուսանողները նկարվեցին թեմի ներկայացուցիչների հետ:
|