Լուրեր
|
2018 թվականի մայիսի 22-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Մասիսի Մարմարաշեն համայնքի ուխտավորները՝ հգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի գլխավորությամբ: Հինավուրց և զորավոր եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Ուխտի Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ հայոց աշխարհազորի և զորավարների հիշատակին, ովքեր 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտում ընկան վասն հավատոց և վասն հայրենյաց: Հոգևոր հայրը շնորհավորեց ներկաներին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի առաջիկա տոնակատարության կապակցությամբ, հայցեց Երկնքից նահատկների օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի և Հայաստանյաց աշխարհի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության խաղաղության ու ստեղծարար աշխատանքի համար, հորդորեց ներկաներին հերոս նախնիների օրինակով աչքի լույսի պես պահել ու պահպանել անկախ Հայաստանի Հանրապետության պետականությունը, նվիրվել հայրենիքի առաջընթացի և բարգավաճման գործին: Արժանապատիվ Տեր Ղուկաս քահանան երախտագիտության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, ով սիրով հյուրընկալեց ուխտավորներին և իր օրհնությունը հղեց հյուրերին: Մարմարաշեն համայնքի հավատացյալները մոմեր վառեցին և աղոթք արեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավարտ Սուրբ Պատարագի, Արարատյան թեմից ժամանած ուխտավորներին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Կայացած զրույցի ընթացքում Սրբազան հայրը ներկայացրեց Վիրահայոց թեմի գործունեության ուղենիշները, որոնք կյանքի են կոչվում Թբիլիսիում, Ջավախքում, Քվեմո Քարթլիում, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում գործող հոգևոր հովվություններում: Վազգեն Սրբազանը խոսեց նաև Հայաստանի և Վրաստանի պատմություններում առաջին հանրապետությունների ունեցած դերի ո նշանակության մասին և արժևորեց 100-ամյակներին նվիրված տարբեր միջոցառումների իրականացումը: Թեմի առաջնորդարանի և թբիլիսահայ հավատացյալների կողմից կազմակերպվեց ուխտավորների հյուրասիրություն:
|