Լուրեր
|
2018 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Կոնրադ Ադենհաուերի հիմնադրամի կողմից կազմակերպված «Սոցիալական ծառայություն խաղաղության համար» - «Ռազմավարական համագործակցության նոր հեռանկարներ» ծրագրի շրջանակներում, Իտալիայի Կադենաբիա քաղաքում կայացավ համաժողով, որի նպատակն էր ուղենիշներ մշակել բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը աջակցության նպատակով, ինչպես նաև եկեղեցիների և տարբեր կառույցների համագործակցության համար: Ծրագրին մասնակցում էին. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի, Անդրկովկասի Լատինածես կաթոլիկների վարչության,Վրաստանի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու, ՀԻԻԱ «Համայն Վրաց Մուսուլմանների վարչության, «Հրեական տուն» կազմակերպության ներկայացուցիչները: Վիրահայոց թեմը ներկայացնում էին թեմի իրավական և համագործակցության հարցերով բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և Թեմակալ առաջնորդի գավազանակիր բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը: Համաժողովի աշխատանքային ծրագրով քննարկվեցին «Սոցիալական ծառայության և հանդուրժողականության» և փորձի փոխանակման ու համագործակցոււթյան հետ առնչվող հարցեր: Իրենց աշխատանքների և ծրագրերի մասին զեկուցումներով և շնորհանդեսներով հանդես եկան Վրաց Պատրիարքարանի «Սուրբ Թամար թագուհի» համալսարանի, ՀԻԻԱ «Համայն վրաց մուսուլմանների վարչության», Անդրկովկասի լատինածես կաթոլիկների առաքելական վարչության, Լյութերական եկեղեցու ներկայացուցիչները և ուրիշներ: Վիրահայոց թեմի ներկայացուցիչ Միքայել Ավագյանը հանգամանալից խոսեց Վիրահայոց թեմի սոցիալական ուղղությամբ կատարած աշխատանքների մասին: Բանախոսը կարևորեց թեմի մշտական հոգածությունը և ուշադրությունը միայնակ ծերերի, բազմազավակ և կարիքավոր ընտանիքների, հաշմանդամների նկատմամբ, խոսեց ցուցաբերվող բուժօգնության, տեղաշարժերի ժամանակ աջակցության, անօգնականների ամենօրյա սննդի ապահովման, պետական կառույցների հետ ունեցած նրանց տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած օգնության և այլ հարցերի շուրջ: Վիրահայոց թեմի ներկայացուցչի ելույթը ընկալվեց մեծ ուշադրությամբ, բարձրացվեցին մի շարք հարցեր և արվեցին փորձի փոխանակման և համագործակցության առաջարկություններ: Համաժողովի աշխատանքի ընթացքում քննարկվեցին որոշ հիմնախնդիրներ և մարտահրավերներ, մշակվեցին փոխհամագործակցության ռազմավարությունները: Կազմվեց աշխատանքային խումբ սոցիալական առաջիկա ծրագրերը համակարգելու և իրականացնելու համար: Մայիսի 1-ին կատարվեց աշխատանքների ամփոփում: Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նշանակվեց Թբիլիսիում:
|