Լուրեր
|
2018 թվականի մայիսի 6-ին Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացավ «Եվ կանգնած էր Սև ծովի ափին տաճարը» վերնագրով վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նկարահանվել է Agora-Georgia- Վիկտորյա Մաքսոևա» կազմակերպության նախաձեռնությամբ՝ Վիրահայոց թեմի և Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովվի աջակցությամբ: Ֆիլմի հեղինակներն են Վիկտորյա Մաքսոևան և Գարիկ Աբելյանը: Ֆիլմը պատմում է այն մասին, որ խորհրդային տարիներին Վիրահայոց թեմին պատկան բազում հայոց եկեղեցիների թվում Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցին նույնպես բռնագրավվել է իշխանության կողմից և զրկվել իր առաքելությանը ծառայությունից, վերածվելով պահեստի, աստղադիտարանի և տեսագրությունների սալոնի: Ազգի մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հովանավորությամբ 1898 թվականին կառուցված եկեղեցին 1992 թվականին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ վերադարձվում է Վիրահայոց թեմին: Աստծու տաճարը վերստին նվիրվում է իր առաքելության իրականացմանը: Տարեցտարի զարգանում և ընդարձակվում է Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու գործունեությունը: Այն տեղի ազգաբնակչության համար կատարում է Աստծու և հավատքի տան գործառույթները: Այստեղ տեղի են ունենում Սուրբ Պատարագներ և Հայոց եկեղեցու կանոնակարգով նախանշված բոլոր ծեսերն ու արարողությունները: Եկեղեցին կատարում է նաև Աջարիայի հայությանը հավատքին մերձեցնելու, Եկեղեցու շուրջը համախմբելու, նաև ազգային ոգի ներշնչելու, լեզուն և մշակույթը պահպանելու նվիրյալ առաքելությունը: Նշենք, որ օպերատոր Սեյրան Բարոյանի և Ալ.Մանթաշյանց կենտրոնի ուսուցչուհի Մարիետա Աբեթյանի ու մյուս բաթումցիների օժանդակությամբ ֆիլմում օգտագործվել են հազվագյուտ կադրեր: Հավարտ շնորհանդեսի իրենց տպավորությունները կիսեցին Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Վիկտորյա Մաքսոևան, Սոնա Հովհաննիսյանը և ուրիշներ: Միջոցառումն ամփոփեց Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ջերմ սերը: Արժանապատիվ հոգևոր հայրը բարձր գնահատեց ֆիլմի արժանիքները և երախտիքի խոսքեր ուղղեց նկարահանող խմբին, նշեց, որ սույն ֆիլմը դարձավ Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու այցեքարտը: Վերջում տեղի հայության հոգևոր հովիվը նկարհանող խմբին փոխանցեց նվերներ:
|