Լուրեր
|
Հայոց Եղեռնի 103-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Ախալքալաքում մեկնարկեցին ջահերով երթով: Ավանդույթի համաձայն այն կազմակերպել էր Ախալքալաքի «Զորի Զորյան» երիտասարդական կենտրոնը: 2018 թվականի ապրիլի 23-ին, բոցավառ ջահերով փողոց էր դուրս եկել տեղի բնակչությունը՝ ահել ու ջահել: Երթը սկիզբ առավ Ախալքալաքի բերդի տարածքից: Երթն առաջնորդում էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու օգնական հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը։ Երթի սկիզբը ազդարարվեց Տերունական աղոթքով: Քայլերթի մասնակիցները, ջահերով լուսավորելով ճանապարհը և վանկարկելով «Ճանաչում», բերդի տարածքից հասան Սուրբ Խաչ եկեղեցի։ Այստեղ տեղի ունեցավ Սրբոց նահատակաց նվիրված բարեխոսական աղոթք: Ավարտին հայտարարվեց, որ Սրբադասումից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այլևս սգո օր չէ, ուստի ապրիլի 24-ին, հոգեհանգստյան արարողության փոխարեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հայոց եկեղեցիներում տեղի կունենա Սուրբ և Անմահ Պատարագ ։ Ապրիլի 24-ին՝ Սուրբ Նահատակների հիշատակի օրը՝ Ախալքալաքի հայազգի բնակիչները մասնակցեցին Սուրբ խաչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց Տեր Եղիշե ավագ քահանան: Սրբազան արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, այլ պաշտոնյաներ, կառույցների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Հավարտ Սուրբ Պատարագի՝ ներկա հավատավոր ժողովուրդը, հոգևոր հայրերի առաջնորդությամբ, թափորով դուրս եկավ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, որտեղ տեղի ունեցավ Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք: Արարողության ավարտին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը քարոզեց օրվա խորհուրդը, որի ընթացքում մասնավորապես հոգևոր դասի և հավատավոր հոտի կոչը հղեց Վրաստանի իշխանություններին՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Հազարավոր այցելուներ ոչ միայն եկեղեցում մասնակից եղան Պատարագին, այլ նաև դիտեցին բակում կազմակերպված ցուցահանդեսը: Ամբողջ օրվա ընթացքում եկեղեցում չէր դադարում մարդկանց հոսքը: Ախալքալաքի բոլոր պետական և ոչ պետական կառույցների կոլեկտիվները, դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչները սաների հետ միասին գալիս էին գլուխ խոնարհում և ծաղիկներ զետեղում ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին: Օրը նշանակալի էր նրանով, որ ռուսաստանաբնակ Լյուդվիկ Թումասյանի կողմից Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրաբերվեց Սրբոց Նահատակաց սրբապատկերը: Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ժամերգություն անցկացվեց Արակովայի Սուրբ Գևորգ և Խանդոյի Սուրբ խաչ եկեղեցիներում և տեղի դպրոցականների ուժերով կայացան հիշատակի միջոցառումներ:
|