Թբիլիսիի հայկական դպրոցները սպասում են առաջինդասարանցիների |
Լուրեր |
2018 թվականի ապրիլի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ թեմի հովանու ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ծնողների և Վիրահայոց թեմի պաշտոնեության հետ հանդիպում: Հանդիպմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ընկերակցությամբ: Ներկա էին նաև Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը և թիվ 103-վրաց-հայկական հանրային դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Պապյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանը, ուսուցիչներ, ծնողներ: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Այնուհետև Թեմակալ առաջնորդը ներկայացրեց հանդիպման նպատակը՝ այն է նախակրթարանի ավագ խմբի շրջանավարտներին հայոց դպրոց ուղղորդելը: Վիրահայոց թեմի առաջնորդը անդրադարձ կատարեց այլազգիների նկատմամբ Վրաստանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին, ընդգծեց երկրի իշխանությունների մշտական աջակցությունը ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով կրթությանը, ի մասնավորի միջնակարգ, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին: Թեմակալ առաջնորդը նշեց, որ ներկայումս Վրաստանի զանգվածով գործում է 122 հայկական դպրոց, որոնցից երկուսը մայրաքաղաքում է, սակայն այդ դպրոցներում սովորողների թիվը նվազագույն է: Վազգեն Սրբազանը ցավով արձանագրեց, որ հայերեն ուսուցմամբ մի շարք դպրոցներ Թբիլիսիում, Բաթումում փակվել են միայն և միայն աշակերտներ չունենալու պատճառով: -Այսօր էլ շատ հայեր, ինչպես խորհրդային կարգերի օրոք, ձգտում են իրենց երեխաներին օտարալեզու դպրոցներ տանել: Թբիլիսիի ռուսական դպրոցներում եւ՛ ուսուցիչների, եւ՛ աշակերտների մեծամասնությունը հայեր են, իսկ հայկական դպրոցներում աշակերտական նստարանները՝ թափուր: Օտարալեզու դպրոցը կլանում է դպրոցականին, հեռացնում ազգից և ազգայինից, որը նկատելի է դառնում տարիներ անց, երբ ընկալվում է կրոնի, մշակույթի, ավանդույթների, սովորությունների տարբերությունը: Այդպիսով հայը հեռանում է իր արմատներից, իր դավանանքից, իր ապրելաոճից, իր տեսակից, դառնում կես մարդ,- իր խոսքում կարևորեց թեմակալ առաջնորդը: Վազգեն Սրբազանը խոսեց «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մասին, որի շրջանավարտները միշտ աչքի են ընկնում իրենց գիտելիքներով, նրանք փաստորեն տարրական դպրոցի ծրագիրը սերտած, լիովին պատրաստված են ոտք դնում դպրոց, թերևս օտարալեզու դպրոցում այն շուտով մոռացության է մատնվում, կորչում: Թեմակալ առաջնորդը կարևորեց նաև բարոյա-հոգեբանական միջավայրի ազդեցությունը, որը հայ երեխային մեծացնում է հպարտության, հայրենասիրության և ազատ ու անկախ լինելու ոգով: Լեզուների իմացության տեսակետից նույնպես միանգամայն արդարացված է հայոց դպրոցը, որտեղ սովորողները լիովին տիրապետում են հայերեն, ռուսերեն, վրացերեն և օտար լեզուներին, օրինակները շատ-շատ են: «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսեց այն գիտելիքների, այն ճիշտ դաստիարակության և այն հոգատարության մասին, որով շրջապատված են հայկական դպրոցների սովորողները թե՝ դպրոցի տնօրինության, թե ուսուցչական կազմի կողմից, կարևորեց երեխաների անվտանգությունը: Այնուհետև ելույթ ունեցան Թբիլիսիի հայոց դպրոցների ղեկավարները: Հայկական թիվ 104 դպրոցը և թիվ 103 վրաց-հայկական դպրոցի հայկական մասնաճյուղը գործում են լավ պայմաններում, ապահովված են ուսումնառության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու պարագաներով, վերանորոգված են, ունեն ջեռուցման համակարգ և համապատասխան տարածք ու ամեն տարի ունենում են մի քանի մեդալակիր շրջանավարտներ: Դպրոցների շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ ընդունվում է բուհ և ավարտում այն բարձր առաջադիմությամբ: Ելույթներ ունեցան մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, առանձնահատուկ ընդգծելով, որ հայոց դպրոցները փակվում են աշակերտության թվաքանակի նվազման պատճառով և միանգամայն չի արդարացվում ծնողների կողմից հայերենին չտիրապետելու հանգամանքը: Ծնողները իրենց ելույթներում աշխատում էին արդարացնել իրենց մտադրությունը երեխային ռուսալեզու կամ վրացալեզու դպրոց ուղղորդելու մասին, չհամաձայնելով այդ մտքի հետ, հանդիպում էին մայրենի լեզվով, մեսրոպատառ հայերենով կրթության առավելության ապացույցներին: Հանդիպումը կայացավ, իսկ թե որքանով հայ ծնողը կկայացնի ճիշտ որոշում, իրենից է կախված: Մեզ մնում է միայն հիշեցնել, որ կրթօջախը փակելը շատ հեշտ է, հայրենիքից դուրս այն վերստին բացելը և պահելը անչափ դժվար... |