2018 թվականի ապրիլի 15-ին, Փոթի քաղաքի տոնակատարության շրջանակներում, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի պատվիրակությանը: Վրաց միտրոպոլիտը բարի գալուստ մաղթելով Թեմի պատվիրակությանը, որի կազմում էին Բաթումիի Սուրբ Փրկիչ և Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահան Գումբալյանը, Վիրահայոց Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու իրավաբան Ժաննա Ավետիսովան և օպերատոր-լուսանկարիչ Սեյրան Բարոյանը: Միտրոպոլիտ Գրիգոլը իր ողջույնները հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ում հետ իրեն կապում են քրիստոնեական սերն ու եղբայրական բարեկամությունը: Շրջայց կատարելով նստավայրում Վրաց Եկեղեցու միտրոպոլիտը ջերմությամբ վերհիշեց իր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հպարտությամբ ցույց տվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի կողմից նվեր ստացած պանակեն, անդրադարձ կատարեց հայ-վրացական դարավոր բարեկամությանը և Եկեղեցիների գործակցությանը: Արժանապատիվ Տեր Արարատ քահանան փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի շնորհավորանքները Գրիգոլ միտրոպոլիտին Սուրբ Հարության տոնի, Փոթի քաղաքի տոնակատարության կապակցությամբ և թեմակալ առաջնորդի եղբայրական սերն ու բարեմաղթանքները: Այնուհետև կայացավ զրույց, որի ընթացքում միտրոպոլիտ Գրիգոլը պատմեց Փոթիի և Խոբիի թեմի գործունեության, հոգևոր առաջընթացի և ծառացած խնդիրների մասին: Անդրադարձ կատարելով հոգևոր—կրթական գործունեությանը եւ հովվական ծառայությանը, առանձնահատուկ պատմեց թեմում հիմնադրված Աստվածաբանական-փիլիսոփայական համալսարանի մասին, որն ունի պետական կրթօջախի կարգավիճակ, սակայն գործում է հոգևոր թեմի հովանու ներքո: Վիրահայոց թեմի պատվիրակության անդամները ներկայացրեցին հայոց հոգևոր թեմի գործունեությունը, Թեմի հովանու ներքո գործող Բաթումիի Ալեքսանդր Մանթաշյանց և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնները, նրանց շրջանակներում և Թեմի հովանավորությամբ ծավալված հոգևոր-դաստիարակչական ուղղվածության աշխատանքները: Վրաց Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտի և Վիրահայոց թեմի պատվիրակության կողմից արժևորվեցին երկու թեմերի միջեւ առկա ջերմ փոխհարաբերությունները եւ կարևորվեց սերտ գործակցությունը, որը պետք է շարունակվի և զարգանա: Խորին երախտագիտություն հայտնելով առանձնահատուկ ընդունելության համար, Տեր Արարատ քահանան և Միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին նվերներ փոխանակեցին:
|