Լուրեր
|
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, թեմի առաջնորդարանի աջակցությամբ և Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում անց է կացվում շախմատի մրցաշար մինչև 17 տարեկան տարիքի շախմատասերների շրջանում: Մրցաշարը նվիրվում է Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին: 2018 թվականի ապրիլի մեկին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցույթի առաջին փուլը: Ողջունելով մասնակիցներին, բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը ներկայացրեց մրցաշարի ձևաչափը, պարզաբանեց, որ այն անց է կացվում երկու փուլով: Առաջին փուլը տեղի հոգևոր հովիվների օրհնությամբ և երիտասարդական կենտրոնների աջակցությամբ կանցկացվի Վրաստանի հայաբնակ բոլոր վայրերում՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի շրջաններում և հարակից գյուղերում, Բաթումում և Ռուսթավում: Անկախ մասնակիցների թվաքանակից, յուրաքանչյուր վայրից լինելու է մեկ հաղթող, ով այնուհետև Թբիլիսիում կմասնակցի մրցաշարի եզրափակիչ փուլին: Թեմի Երիտասարդական բաժնի տնօրենի և ծրագրերի համակարգողի կողմից կատարված նախապատրաստական հստակ աշխատանքի արդյունքում, շախմատային տախտակի առջև մրցամարտ ծավալվեց մասնակցության հայտ ներկայացրած քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Շախմատի տան սովորողների միջև: Թբիլիսիում կայացած մրցաշարի առաջին փուլին մասնակցում էին 14 շախմատասեր և տարբեր մրցույթների և մրցաշարերի մասնակցող դպրոցականներ: Մրցույթի հաղթող դարձավ և մրցաշարի եզրափակիչ փուլ անցավ մայրաքաղաքի սովորող երիտասարդության պալատի շախմատի խմբի սովորող, թիվ 20 հանրային դպրոցի աշակերտ Դենիել Սաֆարովը: Հայաբնակ տարածաշրջաններում մրցաշարի առաջին փուլի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Մրցաշարի հաղթող առաջին երեք տեղերի համար նախատեսված են մրցանակներ և դրամական պարգևներ: Մրցաշարի մասնակիցներին հաջողություններ մաղթեցին շախմատային մրցույթի կազմակերպիչները:
|