Վիրահայոց թեմի առաջնորդը Սամցխե-Ջավախքում մասնակցեց Զատկական տոնախմբությանը |
Լուրեր |
2018 թվականի ապրիլի մեկին Սուրբ Զատիկը առանձնահատուկ շքեղությամբ տոնախմբվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Այդ օրը, եկեղեցական կանոնի համաձայն, տարածաշրջանի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեցին եկեղեցական ծիսական արարողություններ: Տոնի առիթով Ախալքալաք էր ժամանել Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով առաջին փոխնախարար Լաշա Դարսալիան, ով տեղական իշխանության մարմինների պաշտոնյաների ընկերակցությամբ, իր մասնակցությունը բերեց Ախալքալաքըի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված տոնական Սուրբ Պատարագին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց նաև Ախալցիխեում: Վիրահայոց թեմի Ախալցիխեի հոգևոր տեսչությունը քաղաքի մշակույթի տանը կազմակերպել էր մշակութային տոնական գեղեցիկ միջոցառում, որին իրենց մասնակցությունը բերեցին տեղի հայկական դպրոցի և երիտասարդական կենտրոնի երգի և պարի խմբեր, Ախալցխիխեի և շրջանի գյուղերի 600-ից ավելի հայորդիներ: Այս տարի Սուրբ Զատիկը ինքնատիպ կերպով տոնվեց Նինոծմինդայի Սաթխա գյուղում: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ գյուղ էին ժամանել Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, շրջանային ժողովների պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, կրթության, մշակությի ոլորտի ներկայացուցիչներ: Մարդաշատ էր գյուղի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին: Շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը պատշաճ կերպով էր պատրաստվել Թեմի առաջնորդին և հյուրերին ընդունելու համար: Եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց կիրակնօրյա երեկոյան ժամերգություն, որի ավարտին թեմի առաջնորդը իր պատգամը հղեց Սաթխայի հավատացյալ ժողովրդին, ղեկավարությանը, Թբիլիսիից ժամանած հյուրերին և ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը և հայրական սերը: Տեր Վազգեն եպիսկոպոսը բարձր գնահատեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի նախաձեռնությունը, որը աննախադեպ է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի վերջին տարիների իրականությունում: Թեմակալ առաջնորդը շնորհավորեց նաև վրաց ժողովրդին Ծաղկազարդի տոնի առիթով, իր գնահատանքը բերեց Վրաստանի բարձր ղեկավարությանը, որոնց բարեհաճ կամքով վիրահայությունը ազատորեն տոնախմբում է իր հոգևոր, ժողովրդական տոները: Եկեղեցական արարողությունից հետո տեղի ազգաբնակչությունը և տարբեր շրջաններից հրավիրված հյուրերը հյուրընկալվեցին Սաթխայի հանդիսությունների սրահում, որտեղ կազմակերպվել էր մեծ ընդունելություն: Ժողովրդական տոնախմբությունը, որն ուղեկցվում էր գեղարվեստական համարներով, շարունակվեց մինչև ուշ երեկո: |