Վիրահայոց թեմի առաջնորդի և պաշտոնեության աշխատանքային այցը Ջավախք |
Լուրեր |
2018 թվականի մարտի 3-4-ին երկօրյա աշխատանքային այցով Սամցխե Ջավախքում էր գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ ուղեկցությամբ թեմի պաշտոնյաներ՝ կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և առաջնորդի օգնական Գևորգ սարկավագ Անտոնյանի: Այցի շրջանակներում հանդիպումները սկսվեցին Նինոծմինդայում: Թեմի Ռաֆայել Ջավախ կենտրոնում Սրբազան հայրը և նրան ուղեկցող պաշտոնյաները այցելեցին ավագ խմբակ, որտեղ թեմի առաջնորդը շնորհավորեց բոլորին Մայրության տոնի առիթով, անդրադարձ կատարեց եկեղեցական տոներին և մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Այնուհետև հյուրերը դիտեցին գեղագիտության, ասմունքի, անգլերենի ուսուցման խմբակների պարապմունքները, քաջալերեցին սաներին: Կենտրոնում կայացավ նաև հանդիպում ուսուցչական կազմի հետ:Նինոծմինդայի և հարակից գյուղերի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը ներկայացրեցին ընթացիկ տարվա աշխատանքները և խոսեցին նախանշած ծրագրերի մասին: Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը դրական գնահատեց կենտրոնի կրթական և գեղագիտական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները և հետագայում աջակցություն ցուցաբերելու և համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: Երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը երիտասարդներին և ուսուցչական կազմին ներկայացրեց բաժնի աշխատանքները, նախանշված ծրագրերը և առաջարկեց Նինոծմինդայի երիտասարդության կազմին ընդգրկել թեմական երիտասարդական ծրագրերի մեջ: Երիտասարդական միություն ստեղծելու նպատակով Տեր Արմաշ քահանայի առաջարկությամբ Նինոծմինդայի և շրջակա գյուղերի երիտասարդական ծրագրերի գծով թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչ նշանակվեց Արկադի Փութուլյանը: Հանդիպումից հետո թեմի պաշտոնյաները և Ռաֆայել Ջավախ կենտրոնի ուսուցիչները Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ բարերար Վարազդատ Մարաբյանի կողմից եկեղեցուն նվիրաբերված արծաթապատ զարդանախշերով «Ճաշու Ավետարանի» օրհնության կարգին: Թբիլիսիից ժամանած հյուրերը այցելեցին նաև Նինոծմինդայի երիտասարդական կենտրոն, որտեղ հյուրերին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը և ՀՕՄ-ի վարչության Ջավախքի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը: Կենտրոնի բաժինների պատասխանատուները թեմակալ առաջնորդին հանգամանորեն ծանոթացրեցին կենտրոնի գործունեությանը և առաջարկեցին սերտ համագործակցություն Ռաֆայել Ջավախ կենտրոնի և հոգևոր հովվության հետ: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Արտակ Գաբրիելյանի և Կարինե Թադևոսյանի նվիրյալ աշխատանքը և հայտնեց իր պատրաստակամությունը աջակցելու կենտրոնի բարի առաքելությանը: Կենտրոնի գորգագործության խմբակի սաները հյուրերին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները: Նույն օրը երեկոյան, թեմի պաշտոնյաները այցելեցին Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցի և մասնակցեցին երեկոյան ժամերգությանը: Այնուհետև Ախալքալաքում, փոխառաջնորդության գրասենյակում կայացավ հանդիպում Ախալքալաքի և Նինոծմինդայի հոգևոր սպասավորների և փոխառաջնորդության պաշտոնեության հետ, որի ընթացքում հոգևոր հովիվները թեմի առաջնորդին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հընթացս հանդիպման թեմի կրթության և երիտասարդության բաժինների տնօրենները հանդիպման մասնակիցներին ծանոթացրեցին իրենց ղեկավարած բաժինների ապագա անելիքներին: Ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ և ուղենշվեցին նոր ծրագրեր: Որոշվեց Ախալքալաքում Թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչ նշանակել դպիր Նաիրի Մելիքյանին, Արագովայի և հարակից գյուղերի ներկայացուցիչ՝Արման Արոյանին, իսկ Դիլիսկայի և հարակից գյուղերի՝ Ռադիկ Եզոյանին: Թեմի առաջնորդը ժողովի մասնակիցներին տվեց համապատասխան ցուցումներ և տեղեկացրեց, որ 2018 թվականը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է երիտասարդության տարի, հորդորեց քահանաներին՝ երիտասարդությանը նախապատրաստել և մասնակից դարձնել սույն թվականի հուլիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված ուխտագնացությանը: Աշխատանքային այցի երկրորդ օրը, մարտի 4-ին, Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը այցելեց Արագովայի «Խրիմյան հայրիկ» նախակրթարան, որտեղ հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ տնօրեն Նարինե Տեր-Մկրտչյանը ներկայացրեց նախակրթարանի գործունեությունը և ապագա ծրագրերը: Տնօրենն իր խոսքում արձանագրեց, որ նախակրթարան են հաճախում 35 երեխա, նրանք գալիս են Արագովայից և հարակից՝ Զակ, Գոման, Կորխ, Թոթխամ գյուղերից: Տնօրեն Մարկոսյանը Արագովայի նախակրթարանին փոխանցեց մանկական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսուցիչների հետ քննարկեց նախակրթարանի գործունեության նոր ծրագիրը և հետագա անելիքները: Նույն օրը Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը հանդիպում ունեցավ եկեղեցասեր երիտասարդության հետ և քննարկեց առաջիկա ծրագրերը: Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում ներկա գտնվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագին, որի Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը: Հընթացս Սուրբ Պատարագի օրվա խորհրդի մասին հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Վազգեն եպիսկոպոսը: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմի առաջնորդը պաշտոնեության հետ միասին այցելեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոն, Թեմակալ առաջնորդին և նրան ուղեկցող պաշտոնյաներին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը և ՀՕՄ-ի վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը: Վերջիններս հանգամանալից ներկայացրեցին կենտրոնի գործունեությունը: Հյուրերը դիտեցին պարի խմբի պարապմունքը, այցելեցին կենտրոնի թանգարան, դիտեցին թաղիքի խմբի սաների ձեռքի աշխատանքները: Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկա գտնվեց Ախալքալաքի փոխառաջնորդարանում գործող մեկօրյա դպրոցի (ուսուցչուհի՝ Զարուհի Բարբառյան) դասին, երգչախմբի (խմբավար Գայանե Աղաջանյան) և պարի խմբի (պարուսույց Նասլեթ Քեյան) պարապմունքներին: Վերադարձի ճանապարհին Թեմակալ առաջնորդը թեմի պաշտոնեության հետ կանգառ կատարեց Ախալցխայի հովվությունում, այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպում ունեցավ տեղի հոգևոր հայրերի, հասարակական գործիչների և հավատացյալների հետ: Ուշ երեկոյան առաջնորդի ղեկավարած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը Ջավախքում, վերադարձավ Թբիլիսի: |