Ձեռագիր մատենագրության ցուցադրություն «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի նոյեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոնում հյուրընկալվեց Բիետա Աբշիլավան՝ իր յուրահատուկ ստեղծագործական աշխարհով:Մատենագրության տաղանդով օժտված բանաստեղծուհին իր սերը պոեզիայի, վրաց գրականության նկատմամբ տարիների ընթացքում արտահայտել է վրաց գրականության և արվեստի տարբեր հեղինակների ձեռագրերի վերարտադրությունը ասեղի և թելի միջոցով կտորի վրա ամրագրելով, ստեղծելով ասեղնագործ մատենագրության իսկական նմուշներ: Կենտրոնում բացվեց Բիետա Աբշիլավայի ձեռագործ մատենագրության ցուցահանդեսը: Միջոցառումը նվիրված էր վրաց դասական Նիկոլոզ Բարաթաշվիլու ծննդյան 200-ամյակին: Այն համատեղ կազմակերպել էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը և Վրաստանի գրողների միությունը: Բազմամարդ էր դահլիճը: Հայ և վրացի գրողներ, նկարիչներ, հասարակայնության ճանաչված դեմքեր, արվեստի երկրպագուներ: Բոլորը հետաքրքրությամբ և զարմանքով դիտում էին շնորհաշատ տիկնոջ ձեռագործ աշխատանքները, որոնք իրավամբ արվեստի նմուշներ են: Միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Ողջունելով ներկաներին, վերջինս արժևորեց նման միջոցառումները, որոնք համահունչ են Հովհաննես Թումանյանի տան առաքելությանը՝ զարգացնել և արդիական երանգ հաղորդել հայ-վրացական գրական և մշակութային բարեկամական հարաբերություններին: Վրաց ճանաչված գրող-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլին, մեկնաբանելով ցուցահանդեսի կազմակերպումը հատկապես այս կենտրոնում, արձանագրեց վրաց դասական Նիկոլոզ Բարաթաշվիլու աճյունը Թբիլիսի տեղափոխելու գործում Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի հետ միասին նաև Հովհաննես Թումանյանի դերակատարությունը: Գնահատանքի և երախտիքի խոսքով հանդես եկան «Ռուսթավելի» ընկերակցության նախագահ Դավիթ Շեմոքմեդելին, գրողներ Վաժա էգրիսելի-Դուրբաիան, Մզիա Չխետիանին, ճանաչված մտավորականներ Նուգզար Ծերեթելին, Թեյմուրազ Շաշիաշվիլին և ուրիշներ: Բանախոսները ընդգծեցին Բիետա Աբշիլավայի ստեղծագործական հարուստ աշխարհը, որը արտահայտվում է ոչ միայն բանաստեղծական խոսքով, այլև արվեստի նմուշների արարմամբ: Բոլոր ելույթ ունեցողները արժևորեցին Թումանյանի տան հյուրընկալ մթնոլորտը, որտեղ իր ժամանակին հավաքվել և տարբեր հարցեր են քննարկել ինչպես հայ, այնպես էլ վրացի ու այլ ազգի առաջադեմ մտավորականները, ընդգծվեց, որ Թումանյանի նախկին բնակարանում ստեղծված այս կենտրոնը, հիրավի սիրո և եղբայրության նոր էջեր կբացի հայ – վրացական բարեկամական հարաբերությունների տարեգրությունում: Բիետա Աբշիլավայի ձեռագործ եզակի աշխատանքները Հովհաննես Թումանյանի տուն-կենտրոնում կցուցադրվեն մինչև նոյեմբերի 18-ը: |