Հայաստան Իսպիրյանը՝ «Կոմիտաս» մեդալակիր» |
Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 29-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում կազմակերպված հանդիսույթը նվիրված էր ճանաչված մեներգչուհի Հայաստան Իսպիրյանին «Կոմիտաս» մեդալի հանձնմանը: Հայաստան Իսպիրյանին իրավամբ անվանում են Ջավախքի սոխակ: Հայ երգարվեստին նվիրված երգչուհին 35 տարի շարունակ ազգային, աշուղական, հայրենասիրական երգն է մասսայականացնում ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի այլևայլ վայրերում: Շնորհալի և սիրված երգչուհին հաղթող է դարձել մեր երկրի, ՀՀ և արտերկրների մի քանի հեղինակավոր մրցույթներում: Այս բոլորի արդյունքում, Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի և ՎՀԳ «Վերնատուն» միության երաշխավորությամբ, սիրված երգչուհին օրերս պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Բարձր պարգևը երգչուհուն հանձնեց Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը: Ելույթներ ունեցան երգչուհու աշխատանքային ընկերները, սաները, մշակույթի բնագավառի աշխատողները, իսկ համերգային բաժնում՝ նրա սաները, շրջանի անվանի արվեստագետները: Ինքը՝ Հայաստան Իսպիրյանը, իր քաղցրահնչյուն ձայնով հիացրեց հանդիսատեսին մի քանի հրաշալի հայկական երգերով, շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար: |