Քաղաքապետի թեկնածուն այցելեց Բաթումիի հայոց եկեղեցի |
Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 18-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի այցելեց «Վրացական երազանք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Լաշա Կոմախիձեն: Թեկնածուին և նրան ուղեկցող անձանց դիմավորեց եւ ողջունեց Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս հյուրերին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ներկայացրեց Սուրբ Փրկիչ եկեղեցու պատմությունն ու հոգևոր գործունեությունը: Այնուհետև քաղաքապետի թեկնածու Լաշա Կոմախիձեն և նրան ուղեկցող անձինք այցելեցին Վիրահայոց թեմի Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, ծանոթացան այստեղ գործող նախակրթարանի, կիրակնօրյա դպրոցի, ստեղծագործական խմբերի աշխատանքներին: Բաթումիի քաղաքապետի թեկնածուն հանդիպեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Լաշա Կոմախիձեն ներկայացրեց այն ծրագրերը և նախագծերը, որոնք ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու իր թիմը իրականացնելու են քաղաքի բարգավաճման և նրա բնակիչների բարեկեցության ուղղությամբ, կարևորեց բաթումահայ հասարակության մասնակցությունը նախանշված ծրագրերը կյանքի կոչելու գործում, որոնք կլինեն ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական ու տնտեսական բնույթի: Քաղաքապետի թեկնածուն պատասխանեց բաթումահայերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մայրենի լեզվով կրթությանը, ազգային մշակույթի պահպանմանը և Բաթումում հայ հոգևոր կյանքի զարգացմանը: Վերջում Տեր Արարատ քահանան հավատացյալների անունից քաղաքապետի թեկնածուին մաղթեց հաղթանակ ընտրություններում և հաջողություններ նպատակների իրականացման գործում: |