1

fb you od

Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում մեկնարկեց մանկական առօրյան PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1a 

2017 թվականի սեպտեմբերի 12-ին ուրախ տրամադրություն էր տիրում Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Երեքից վեց տարեկան տարիքի 40-ից ավելի փոքրիկներ, ծնողների հետ միասին, գույնզգույն ծաղկեփնջերով եկել էին թեմի Սուրբ Մովսես Խորենացի մանկապարտեզ, որտեղ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Երեխաներին դիմավորեցին և պատրաստակամ հոգատարությամբ ընդունեցին թեմի կրթական բաժնի տնօրեն, նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, ոսուցչուհիներ Մետաքսյա Ղազարյանը, Անի Զեյնալյանը, դայակ Լուսինե Պողոսյանը, թեմի առաջնորդարանի պաշտոնեությունը:

Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանում երեխաների օրը սկսվեց առավոտյան ժամերգությանը մասնակցությամբ, ստանալով Տիրոջ և հոգևոր հայրերի օրհնությունը: Տերունական և Պահպանիչ աղոթքներից հետո եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա առիթով, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնաբեր բարեխոսությունը և մաղթեց նրանց առողջություն, հետաքրքիր և ուրախ օրեր:

Այնուհետև փոքրիկները տեղափոխվեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց դիմավորեցին Միկի Մաուսի ու Միմիի հագուստներով պճնված եկեղեցասեր երիտասարդներ Մարինե Սումախյանը և Աիդա Բազոյանը, ովքեր փուչիկներ նվիրեցին մանուկներին:

Նախակրթարանի սաներին և նրանց ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեցին կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, մշակույթի բաժնի տնօրեն ու «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նրանք կարևորեցին սաների ամեն օր Տիրոջ օրհնության ու հոգևոր դասի աղոթակիրը լինելու, հայեցի դաստիարակություն ստանալու և հայոց դպրոցում սովորելու առավելությունները, ներկայացրեցին նախակրթարանի գործունեության, երեխաների դաստիարակության ուղղությունները:

Առաջին օրը նախակրթարանում սկսվեց նորեկների լացով, ավագների հանդիպման ուրախությամբ, երգով ու պարով, որին պարուսույց Սուրեն Աբրամյանի նախաձեռնությամբ ընդգրկվեցին Միկի Մաուսն ու Միմին, ավագ խմբի սաները, նաև նորեկները:

Նախակրթարանը կազմ ու պատրաստ՝ հստակ դասացուցակով ու դասաբաշխմամբ, համալրված ուսուցչական կազմով ձեռնամուխ եղավ իր աշխատանքներին: Հավելենք, որ նախակրթարանում երեխաները բացի ուրախ և ճանաչողական-ուսուցողական խաղերից, սովորում են նաև երգ-պար, նկարչություն, կատարում ձեռքի տարբեր աշխատանքներ, իսկ ավագ խմբի սաները սովորում են նախնական թվաբանություն, տառաճանաչություն, հայերեն, վրացերեն, ստանում են ընդհանուր գիտելիքներ հոգևոր դաստիարակությունից: Նախակրթարանում օրը սկսվում է ժամը 9-ն անց 30 րոպեից և ավարտվում 16-ն անց 30-րոպեին: Նախակրթարան երեխաների ընդունելությունը շարունակվում է մինչև սեպտեմբեր ամսվա վերջը:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը գործում է 2011 թվականից: Այն ստեղծվել է Թեմակալ առաջնորդի նախաձեռնությամբ և նպատակամղված է հայ երեխային հայկական դպրոց ուղղորդելու ազգապահպան գործին: Այստեղ գործում է կրտսեր և ավագ խումբ: Ներկայումս նախակրթարանում հաշվվում են շուրջ 50 երեխաներ: Նորեկների թիվը արդեն հասել է 25-ի, ակնկալիք կա, որ այդ թիվը կավելանա: Նախակրթարանի անցյալ ուսումնական տարվա 19 շրջանավարտներից 11 ընդունվեց հայոց դպրոց: Նախորդ տարիները ցույց են տվել, որ Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները դպրոցում աչքի են ընկնում իրենց բարձր պատրաստվածությամբ: 

1 2 3 4 

5 6 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)