Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը Վիրահայոց թեմում |
Լուրեր |
2017 թվականի օգոստոսի 13-ին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը մեծ շուքով նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Վաղ առավոտից բազմամարդ էին թեմի հայոց եկեղեցիները: Խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու մրգով: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին խաղողի և տարբեր մրգերի գեղեցիկ զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով: Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները:Այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ: Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին բազում հավատացյալներ,թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերն էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, բեյրութահայ հայագետ Զեփյուռ Չերքեզյանը, զբոսաշրջիկներ Հայաստանից ու Հայոց Սփյուռքից: Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Վազգեն եպիսկոպոսը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Թեմակալ առաջնորդը կարևորեց Աստվածամոր վերափոխման խորհուրդը հայ հավատացյալների կյանքում, հորդորեց Աստվածածին Մարիամի օրինակով շարունակել ապրել վերափոխման լույսով և Սուրբ Հարության հավատով և ներկաներին շնորհավորեց տոնի առիթով: Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Տեր Վազգեն եպիսկոպոսի եկեղեցու խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը: Տոնական արարողությանը գեղեցիկ շուք հաղորդեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած սարկավագների կողմից հոգեպարար շարականների երգեցողությունը: Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց թեմի մյուս եկեղեցիներում: Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Պատարագին ներկա էին հավատացյալներ, ուխտավորներ և ճամբարականներ: Հոգեշնորհ Հայր Սուրբի մատուցած Պատարագը, հավուր պատշաճի քարոզը և կայացած խաղողօրհնեքի կարգը մեծ ոգևորություն բերեց տեղի ժողովրդին: Խաղողի օրհնությունից հետո ամերիկաբնակ Րաֆֆի և Շողեր Օհանեսյանների կողմից հավատացյալներին բաժանվեց մատաղ: Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը մատուցեց սրբալույս Պատարագ։Հոգշ․ Հայր Սուրբն ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։Սբ․ Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի կարգ ձեռամբ Հոգևոր Տեսչի և Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի և ապա բաժանվեց ներկա գտնվող հավատացյալներին։ Համայնքներին նվիրական ծառայություն մատուցեցին եկեղեցիների հոգևոր հայրերը: Նրանք վաղ առավոտվանից ժամերգություններ և խաղողի ու ողջ տարվա բերք ու բարիքի ավանդական օրհնության կարգ կատարեցին տեղերում: Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: |