1

fb you od

Վիրահայ երիտասարդների ամառային հանգիստը «Արի տուն» ծրագրով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 0079 

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախորդ տարիների նման, մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2017 թվականի «Արի տուն» ծրագրին: Հունիսի 25-ից առ օգոստոսի 5-ը Վիրահայոց թեմի 96 ակտիվ երիտասարդներ (Թբիլիսիից 60, Մառնեուլիի շրջանից 20, Բոլնիսի շրջանից 16 երիտասարդ) ընդգրկվեցին ծրագրի երեք փուլերին:

Ամառային հանգստի օրերը վիրահայ 13-18 տարեկան տղաներն ու աղջիկները առանձնահատուկ սիրով և մեծ հետաքրքրությամբ անցկացրեցին Մայր հայրենիքում, երկշաբաթյա տևողությամբ հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, ծանոթացան Հայաստանի հոգևոր և մշակութային տեսարժան վայրերին, մտերմացան և կապեր հաստատեցին աշխարհասփյուռ հայության իրենց հասակակիցների հետ,Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին, անմոռանալի երջանկություն ապրեցին խարույկի շուրջ: Նրանք Հայաստան էին մեկնում ոչ թե որպես պարզ զբոսաշրջիկներ, այլ իբրև ուխտավորներ:

Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը, նախորդ տարիների նման այս անգամ էլ աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի, հոգևոր արժեքների իմացությամբ և օրինակելի վարքով: Հատկանշական է, որ մասնակիցների ներգրավումը ծրագրի փուլերին իրականացվում էր թեմի երիտասարդական բաժնի տնօրենի ներկայությամբ և անմիջական վերահսկողությամբ, մասնակիցների և նրանց ծնողների հետ տարած բացատրական աշխատանքով, հանդիպումներով և ժողովներով: Բաժնի տնօրենը չէր զլանում երկու շաբաթը մեկ նոր փուլի մասնակիցներին ուղեկցել Երևան և այցն ավարտած խմբին վերադարձնել իրենց տները: Ի պատասխան օրինակելի կարգապահության, տուն վերադարձի ճանապարհին երիտասարդների խմբերն այցելում էին տարբեր հոգևոր տաճարներ և մշակութային կոթողներ:

«Արի տուն» ծրագրի ղեկավարության կողմից արժևորվեց Վրաստանից ժամանած հայ երիտասարդների կազմակերպվածությունը և ծրագրի բոլոր միջոցառումներին երիտասարդների դրսևորած ակտիվությունը:

Մայր հայրենիքի կողմից սփյուռքահայ երիտասարդների նկատմամբ դրսևորված սերն ու ջերմությունը, ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մերձեցումը ազգային մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, նոր ընկերներն ու հաստատված մտերմական հարաբերությունները հայրենասիրության և ազգասիրության նոր լիցք առաջացրեցին երիտասարդների հոգում:

Վիրահայ երիտասարդները «Արի տուն» ծրագրից վերադարձան իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած ուրախ օրերից և երախտագիտության մեծ զգացում ՀՀ Սփյուռքի նախարարության հանդեպ՝ մայր հայրենիք այցելելու հնարավորություն ընձեռելու և «Արի տուն» ծրագիրը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 

IMG 2114 IMG 2115 IMG 8560 IMG 8572 

IMG 8632 IMG 0126 IMG 0170 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)