Շիրակի թեմի երեխաները հյուրընկալվեցին Բաթումիում |
Լուրեր |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի և Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հրավերով, 2017 թվականի հուլիսի 12-19-ը Բաթումում իրենց ամառային հանգիստը վայելեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի 22 սաներ կենտրոնի ղեկավար Կարինե Ջադուկյանի և կամավորների ուղեկցությամբ: Շիրակի թեմի կենտրոնի սաները ակտիվ հանգստի հետ միասին սիրով ընդգրկվեցին տեղի հայ համայնքի հոգևոր կյանքին: Նրանք ամեն օր մասնակցում էին Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվող առավոտյան և երեկոյան ժամերգություններին, ժրաջանորեն սերտում էին հոգևոր երգերը, աղոթքները, պատվիրանները, հետաքրքրությամբ մասնակցում էին հոգևոր թեմաներով զրույցներին: Վրաստան կատարած այցելության նպատակներից մեկը հայաստանցի երեխաների և Բաթումի երիտասարդների միջև շփման ակտիվացումն էր:Շիրակցի երեխաների օրն անցնում էր Սև ծովի ջրերում լողանալով և զվարճալի ժամանցիներին մասնակցելով: Ուրախ և հետաքրքիր էր երեխաների առօրյան նաև Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Կենտրոնի տնօրենի, ուսուցիչների և ակտիվիստների նախաձեռնությամբ, այստեղ գրեթե ամեն օր կազմակերպվում էին հանդիպումներ, քննարկումներ, խաղեր, տարբեր համերգներ: Թերևս ամենակարևորը և անմոռացը «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հոր ձեռամբ երկու շիրակցի երեխաների մկրտությունն էր: Երեխաները հյուրընկալվեցին նաև Բաթումիում ՀՀ հյուպատոսությունում, որտեղ նրանց ընդունեց Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը և կայացավ հյուրասիրություն: Շիրակի թեմի սոցիալական և կրթական կենտրոնի երեխաներն իրենց այցելության ավարտին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու և Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի կողմից ստացան մանկական «Աստվածաշունչ» և տարբեր հուշանվերներ: Շիրակից ժամանած բոլոր հյուրերին իրենց տներում հյուրընկալել էին Բաթումի հայոց եկեղեցու հավատացյալները: Արդեն երկրորդ տարին իրականացվող հայաստանաբնակ երեխաների ամառային հանգիստը Բաթումում իրականացվում է հայարտպրոդյուսեր ընկերության աջակցությամբ: Շիրակի մարզից ժամանած երեխաները և երիտասարդները, նրանց ուղեկցողները իրենց երախտագիտությունն են հայտնում Վիրահայոց և Շիրակի թեմերի առաջնորդներին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվին, Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի անձնակազմին և եկեղեցու հավատացյալներին հյուրերին ութ օր հյուրընկալելու և ուրախ ու անհոգ հանգստյան օրեր պարգևելու համար: |