1

fb you od

Հայ երիտասարդների այցելությունը «Գարի Դավթյան» մշակույթի տուն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

d1 

Թբիլիսահայ երիտասարդները, ովքեր համախմբված են Հայոց Եկեղեցու շուրջը, իրենց արմատներին մերձենալու նպատակով հաճախում են Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործող մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոց, մասնակցում են երիտասարդական բաժնի տարբեր դասընթացներին և ծրագրերին, իհարկե շատ անգամ էին լսել տիկնիկագործ երջանկահիշատակ Գարի Դավթյանի և նրա տանը գործող տիկնիկային թատրոնի մասին, բայց մշակույթի հրաշալի այս տունը այցելելու և անձամբ տիկնիկների հետ շփվելու առիթ չէին ունեցել:

Եվ ահա 2017 թվականի հունիսի 28-ին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ թբիլիսահայ երիտասարդ ակտիվիստների խումբը՝ բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, այցելեց «Գարի Դավթյան» մշակույթի տուն:

Տան տիրուհի Ժաննա Դավթյանը երիտասարդներին սիրով պատմեց վարպետ Գարիի մասին, ում հմուտ ձեռքերով «կյանք» է ներշնչվել «բարի,գեղեցիկ և խելացի» տիկնիկներին:

Անդրադարձ կատարելով 90-ական թվականների ծանր տարիներին, մութ ու լույսի մեջ տիկնիկային թատրոն ստեղծելու մտահղացմանը, տիկին Ժաննան կարևորեց մարդկանց ոգևորելու, բարություն ներշնչելու և նրանց մտահոգ դեմքերին տիկնիկների հիասքանչ խաղով մի փոքր ժպիտ շողշողացնելու իր ընտանիքի գաղափար-նպատակը: Հիրավի, ժողովրդական «Քաջ Նազար» հեքիաթի տիկնիկային բեմադրությունը, որը այնքան համահունչ էր ժամանակի շնչին, հանդիսատեսի կողմից ընդունվեց սիրով, ըմբռնումով և հիացմունքով:

Տիկնիկային թատրոնի գլխավոր խաղվարը երիտասարդներին ցուցադրեց հատվածներ Հագոյի, Անչափի և այլ կերպարներով տիկնիկների մասնակցությամբ: Երիտասարդների հիասքանչ տրամադրության գագաթնակետ դարձավ Հագոյի կերպարով տիկնիկի կողմից Լևոն Չիդիլյանի ընթերցմամբ Գևորգ Էմինի «Զարմանալի հայ» բանաստեղծության ասմունքը:

Երիտասարդները իրավամբ հիացած էին կոլորիտային այս տան թբիլիսյան ոգուց, բազմազգ շնչից, հրաշալի տիկնիկների խոսուն կերպարներից և տարածվող այն բարի, հավատքով հագեցած հայաշունչ մթնոլորտից, որ իր մեջ ներառնում էր հնամյա Հավլաբար թաղամասում կանաչ խոտերի ու ծաղիկների գրկում գտնվող այս գողտրիկ ու համեստ «Գարի Դավթյան» մշակույթի տունը:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն իր խորին շնորհակալությունն է հայտնում մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյանին թբիլիսահայ երիտասարդների խմբին սիրալիր ընդունելու և տիկնիկագործ Գարի Դավթյանի վարպետությունը այդպես գեղեցիկ ներկայացնելու համար:

IMGP0133 IMGP0144 IMGP0175 IMGP0186 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)