Ավարտական հաշվետու հանդես Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում |
Լուրեր |
2017 թվականի հունիսի 23-ին, Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյան» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ 2016-2017 ուսումնական տարվա հաշվետու հանդեսը: Աջարիա կատարած այցի շրջանակներում հաշվետու համերգին իր օրհնաբեր ներկայությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Թբիլիսիից ժամանած պատվիրակության անդամների հետ միասին: Միջոցառումն իր ներկայությամբ հարգել էր Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը: Հանդեսը, որը «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնի գործունեության հունձքը ցուցադրելու հնարավորություն էր, սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Համերգը մեկնարկեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի ավագ և կրտսեր խմբերի սաների տոնահանդեսով. երգ, պար, արտասանություն, որ այնպես գեղեցիկ և ճաշակով ներկայացրեցին փոքրիկներն իրենց ելույթներում: Իր հիմնադրման կարճ ժամանակաշրջանում «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից գործող ստեղծագործական խմբերը ոչ միայն զարգացրեցին և համակարգեցին իրենց արհեստավարժությունը, այլև առավել ընդարձակեցին և ծավալեցին գործունեությունը: Դրա վկայությունը դարձան Կոմիտասյան խմբերգերի կատարումը «Աղբյուր» երգչախմբի կողմից խմբավար Ռուզաննա Օվանեսյանի գլխավորությամբ, մենակատարներ Աննա Սողոյանի, Մարգարիտ Խումարյանի, Սոֆյա Պողոսյանի գեղեցիկ ելույթները, իսկ «Հեղնար» պարային խումբը (պարուսույց Մերինե Պողոսյան) որպես հայկական ազգային պարարվեստի զարգացում ցուցադրեց «Քոչարի» պարը բոցաշունչ պաթոսով: «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում պատշաճ ուշադրություն է ցուցաբերվում հայոց ոսկեղենիկ լեզվի, հեքիաթների և չափածո ստեղծագործությունների իմացությանը: Ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի կողմից գեղարվեստական խոսքի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում կիրակնօրյա դպրոցի և նախակրթարանի սաները համատեղ ցուցադրեցին Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը», իսկ Մարգարիտա Դանիելյանը, Կարոլինա Բերյուկովան հանդես եկան հայրենասիրական և ազգագրական երգերի կատարումներով և գեղեցիկ արտասանությամբ: Հավարտ տոնահանդեսի արժևորելով «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնի գործունեությունը Աջարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ միշտ էլ սիրով ներկա է գտնվում կենտրոնի միջոցառումներին և ամեն անգամ համոզվում , որ հայապահպանության, աճող սերնդի հայեցի դաստիարակության, հայկական ինտելեկտի զարգացման ուղղությամբ կենտրոնում կատարվում է հիրավի մեծ աշխատանք: Իր ասելիքն ուներ նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Վերջինս գոհունակությամբ նշեց, որ հայոց ոսկեղենիկ լեզուն, մեսրոպատառ հայերենը օր-օրի ավելի մեծ տարածում է գտնում Բաթումում, ինչը այս կենտրոնի, այստեղ գործող հայերենի մեկօրյա դպրոցների, նախակրթարանի շնորհիվ է, կենտրոնն իր գործունեությամբ դառնում է մեր ազգայինը այս բազմազգ քաղաքում չկորցնելու գրավական: Միջոցառումն ամփոփեց և ներկաներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց կենտրոնի գործունեությունը և հորդորեց շարունակել աշխատանքը նույն թափով, աստիճանաբար ավելի ընդարձակելով իր շրջանակները: Սրբազան Հայրը բարձր գնահատեց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի անձնվիրական աշխատանքը, գոհունակության խոսքեր ուղղեց կենտրոնի բոլոր ուսուցիչներին, ովքեր ամեն ինչ անում են այս քաղաքի և տարածաշրջանի երեխաներին հայ մեծացնելու, հայոց Եկեղեցու պատվիրաններով դաստիարակելու և հայ համայնքի արժանավոր հայորդիներ աճեցնելու ձգտումով: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց նաև ծնողներին, ովքեր սիրով և նվիրումով կանգնած են Հայոց եկեղեցու կողքին, իրենց երեխաների մոտ ձևավորում են հայի ինքնությունը: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին՝ հղեց իր հայրական օրհնությունը և նրանց փոխանցեց դասընթացներն ավարտելու վկայականներ: |