1

fb you od

«Ռաֆայել Ջավախ»կրթա-մշակութային կենտրոնի ավարտական միջոցառումը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի 11-ին Նինոծմինդայում կայացավ Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնի ուսումնական տարվա վերջին զանգի և շրջանավարտների հրաժեշտի բացօթյա տոնահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը, Սուրբ Սարգիս և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Մոնրեալի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը, հյուրեր Հայաստանից և Վրաստանից, կենտրոնի սաներ, ծնողներ, տեղացիներ:

Իր օրհնաբեր ներկայությամբ միջոցառումը պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգենորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ուղեկցությամբ:

Միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Վերջինս կարևորեց կենտրոնի նպատակային գործունեությունը՝ շրջանի շուրջ 300 սաների կրթա-մշակութային դաստիարակությունը հավելյալ դիսցիպլիններով ուղղորդումը: Դրանք են հայ ժողովրդի և կրոնի, արվեստի պատմության, գեղարվեստական ընթերցանության, նկարչության, կարպետագործության ուսուցումը:

Ղեկավար Սնխչյանը առանձնահատուկ հպարտությամբ նշեց, որ կենտրոնի «Առավոտ լուսո» երգչախմբի անդամ Աննա Ղարսլյանը Իտալիայի Բեզարո քաղաքում 200-ից ավելի մասնակիցների շրջանում արժանացել է Լա-Սկալա օպերայում վարպետության դասեր անցնելու պատվին, իսկ կենտրոնի շրջանավարտ՝ Թագուհի Հովհաննիսյանը անգլերենի կատարելագործման նպատակով մեկ տարով սովորելու է մեկնում ԱՄՆ:

Միջոցառումը նվիրված էր կենտրոնի ուսումնական տարվա ավարտին և երեք տարվա ուսուցումից հետո 7 շրջանավարտներին վկայականների հանձնմանը: Շրջանավարտներից յուրաքանչյուրը, պատվավոր հյուրերի ձեռքից ստանալով ավարտման վկայական,երախտագիտության խոսքը համեմում էր գեղեցիկ ելույթով:

Շրջանավարտների տոնը գեղեցկացավ այն գողտրիկ համերգով, որ ի պատիվ իրենց ավագ ընկերների և հյուրերի ցուցադրեցին կենտրոնի կրտսեր սաները:

Միջոցառմանը նոր հնչեղություն հաղորդեցին ինչպես անհատ կատարողները, այնպես էլ «Առավոտ լուսո» երգչախմբի (խմբավար Իրինա Ղարսլյան), «Ծաղկազարդ» պարային համույթի (պարուսույց Սևակ Բդոյան), «Պառնաս» ասմունքի (ուսուցչուհի Սաթենիկ Սնխչյան) և անգլերենի խմբի (ուսուցչուհի Անուշ Թովմասյան) սաները:

Հյուրերը դիտեցին կենտրոնի կրտսեր սաների (ուսուցչուհի Սիրականյան) նկարների ցուցահանդեսը:

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը գործում է Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից: Կենտրոնի գործունեության նպատակն է ստեղծել հմտություններ տարածաշրջանի հայ երիտասարդության ազգային մտածողության, հոգևոր վերակերտվածքի և հայ մշակույթին առնչվելու ուղղությամբ: Կենտրոնի շենքը ձեռք է բերվել ծնունդով տեղացի, այժմ ռուսաստանաբնակ Արմեն և Թաթուլ եղբայրների բարերարությամբ և գործում է Վիրահայոց թեմի առաջնորդարանի նյութական աջակցությամբ: 

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)