1

fb you od

Ջավախքում վերաօծվեց Լոմատուրցխի «Սուրբ փրկիչ» եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի 11-ին տոնական հմայք էր ստացել ընդամենը 350 բնակիչ ունեցող, Թրիալեթի հարավային փեշերին ծվարած Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից 111 տարի անց գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:

Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրած հինավուրց եկեղեցին, որ վերածվել էր կոլտնտեսության պահեստի, հարսանյաց և հոգեհացի արարողությունների սրահի, շուտով մատնվեց անուշադրության:

Գյուղի արժանավոր զավակներ Սեդրակ և Արթուր Խաչատրյաններն իրենց մանկությունն անց էին կացրել եկեղեցու բակում և ականջալուր էին ծնողներ Վարդի և Նունուֆարի կողմից հաճախ հնչող ափսոսանքի խոսքերին փլուզվող եկեղեցու մասին: Եվ ահա 2016 թվականին եղբայրները որոշում են վերականգնել աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին ու համագյուղացիներին ընձեռել Աստծով ապրելու, աղոթքով գործելու, Ամենազորի օրհնությամբ ամուսնությունը կնքելու, Սուրբ մյուռոնով մկրտվելու հնարավորություն:

Կարճ ժամանակամիջոցում գյուղի շինարար երիտասարդների ակտիվ մասնակցությամբ և տեղացի Գևորգ Իրիցյանի համակարգմամբ իրականացվում է եկեղեցու վերակառուցումը Խաչատրյան եղբայրների բարեգործությամբ:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային խորհրդի նախագահ Էդուարդ Աղասարյանը, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Սոնա Ներսիսյանը և Լուսինե Տանաջյանը, հյուրեր Վրաստանից ,Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ԱՄՆ-ից և բազում հավատացյալներ:

Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Ախալքալաքի շրջանի Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս Տեր-Մկրտչյանը: Ու վառվեցին առաջին մոմերը եկեղեցում: Հընթացս Սուրբ Պատարագի 111 տարվա ընդմիջումից հետո կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Այնուհետև Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման կապակցությամբ հարակից տարածքում կայացավ տոնահանդես: Գյուղի հանրային դպրոցի տնօրեն Հովհաննես Շուրաղյանը ներկայացրեց Լոմատուրցխի հիմնադրման պատմությունը, անդրադարձ կատարեց եկեղեցու շինարարությանը և երախտագիտության խոսքեր ուղղեց արժանավոր հայորդիներին իրենց կատարած բարեգործության համար:

Տոնական օրվա կապակցությամբ ելույթ ունեցողները արժևորեցին գյուղի արժանավոր զավակներին, ովքեր թեև մեկնել են հայրենի եզերքից, բայց չեն կտրվել ծնող ժողովրդից, հայրենի հողից ու ջրից և շարունակում են նվիրումով իրենց ներդրումը կատարել հայրենի եզերքի բարօրության համար: Այնուհետև գյուղի դպրոցականների և երիտասարդների ուժերով տրվեց գեղեցիկ համերգ:

Տոնական օրը գյուղի բնակչության համար ավարտվեց Սեդրակ և Արթուր Խաչատրյանների կողմից կազմակերպված հյուրասիրությամբ:

Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում ներկայիս սերունդների նախնիները բնակություն են հաստատել 1837 թվականից:1829 թվականին գաղթելով Արևմտյան Հայաստանի Էրզրումի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից, նախ հաստատվել են Էխտիլա գյուղում, հետո վերաբնակվել Լոմատուրցխում: Աշխատող և արարող այս ժողովուրդը զգալով Աստծո տան պահանջը, ձեռնամուխ է լինում եկեղեցու շինարարությանը, որի օծումը սակայն կարողանում է իրականացնել միայն 1906 թվականին Սուրբ Փրկիչ անունով: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և հողագործությունը: Գյուղի բնակչության շրջանում մեծ թիվ են կազմում մտավորականները: Գյուղը Ազավրեթ, Բուռնաշեթ, Ղադոլար գյուղերի հետ միասին մտնում է Ազավրեթ տարածքային միավորի կազմում: Լոմատուրցխ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա:

1 2 3 4 

5 6 7 8 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)