1

fb you od

Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները՝ Երևանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Armen Hovhannisyan 

2017 թվականի մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և  Վիրահայոց Թեմի աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում հանդիսավորապես բացվեց  վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» անհատական ցուցահանդեսը:

Սրահում շարվել էին տարբեր տարիքի, դիրքի ու կարգավիճակի, տարբեր ազգի ու դավանանքի, տարբեր գրքերի ու կինոնկարների, տարբեր դարաշրջանի հերոսները, որոնք հասարակությանը լավ ծանոթ կերպարներ են և ցուցահանդեսի այցելուին ներկայացել էին Արմեն Հովհաննիսյան բանաստեղծի, նկարչի և տիկնիկագործի մտքի սլացքով ու հմուտ ձեռքերով ստեղծված տիկնիկների տեսքով:
Ներկաները անթաքույց զարմանքով ու հիացմունքով, սիրով ու ակնածանքով դիտում էին տիկնիկ դարձած իրենց ծանոթ կերպարները:
 Մինչ օրս Արմենը ստեղծել է 200-ից ավելի տիկնիկ և հասցրել է իր լավագույն գործերը ներկայացնել արվեստասեր հասարակության գնահատանքին՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Աներևակայելի մանրակրկիտ աշխատանք, կոկիկություն, զերծ որևէ ավելորդությունից կամ մանրուքից, որ սկսվում է կավից, գիպսից, հասնում քանդակի աստիճանի, այնուհետև գեղանկարչի վարպետությամբ ստանում բնավորություն, հանդերձավորվում որպես կերպար ու վերածվում տիկնիկ հերոսի – ահա սա է տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի ստեղծագործության ճանապարհը:
Ողջունելով ներկաներին՝ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը նշեց, որ իրենց համար կրկնակի տոն է, քանի որ պատկերասրահում առաջին անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել:
Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկներն ամբողջությամբ հայկական են: Ապրելով և ստեղծագործելով երբեմնի հայ մշակույթի կենտրոն Թբիլիսիում`  Արմենն իրեն  դրսևորեց որպես վարպետ տիկնիկագործ: Փոխնարարը սույն ցուցահանդեսն անվանեց հայ-վրացական բարեկամության մի յուրօրինակ արտահայտություն, քանզի Արմենի ստեղծած խոսուն տիկնիկների հավաքածուն Հայրենիքում ներկայանում է  թիֆլիսյան ինքնատիպ կոլորիտով:
Սերժ Սրապիոնյանը տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը, որով նա պարգևատրվել է վիրահայ համայնքում հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում ներդրման համար, ինչպես նաև ծննդյան 30-ամյակի առթիվ:
Այնուհետև Վիրահայոց թեմի  «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը նշեց, որ Արմենի այս ցուցադրությունը խորհրդանշական է և վկայում է այն, որ վիրահայերի տաղանդը նոր ծիլեր է տալիս և առաջիկայում կյանքի կկոչվի հեղինակի՝ շրջիկ տիկնիկային թատրոն ստեղծելու մեծ երազանքը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցադրությանն աջակցելու համար՝ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ բարի տիկնիկներ չեն լինում: Այս սրահը մեզ տարավ դեպի մեր մանկություն: Արմեն Հովհաննիսյանը նաև բանաստեղծ է և հրաշալի ստեղծագործությունների հեղինակ: Նրա տիկնիկներն արժանացել են նաև վրացիների ուշադրությանն ու հիացմունքին, տեղ գտել և՛ վրացական, և՛ հայկական տիկնիկների թանգարաններում»:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ հեղինակը՝ Արմեն Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ իր ստեղծագործությունները Երևանում ներկայացնելու համար և ընթերցեց իր բանաստեղծություններից մեկը:
Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:

A1 A2 A3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)