1

fb you od

Ավանդական աղայանական տոն Բոլնիս Խաչենում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

ghazaros aghayan 

2017 թվականի մայիսի 13-ին Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում տեղի ունեցավ հերթական ավանդական աղայանական տոնը: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և Բոլնիս-Խաչեն հայրենակցական միության աջակցությամբ, շուրջ երկու տասնամյակ անընդմեջ, Բոլնիս-Խաչեն գյուղում, հանդիսավորապես նշվում է գյուղի զավակ մեծ մանկավարժ ու մանկագիր, հայտնի գրող ու հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի հիշատակի օրը:

Տոնն այս տարի մեկնարկեց Թբիլիսիում և շարունակվեց գրողի ծննդավայրում: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ թբիլիսահայերի պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հուղարկավորված Ղազարոս Աղայանի շիրիմին, իսկ Թեմի հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը կատարեց հոգեհանգստյան կարգ::

Մարդաշատ էր Բոլնիս-Խաչենում Ղազարոս Աղայանի տուն-թանգարանի բակը: Այստեղ էին գտնվում պաշտոնական պատվիրակություններ Թբիլիսիից և Երևանից, Սամցխե-Ջավախքից և Վրաստանի այլ շրջաններից: Իրենց ներկայությամբ հիշատակի տոնը հարգել էին Վրաստանի խորհրդարանի անդամներ Գոգի Մեշվելիանին և Ռուսլան Պողոսյանը, շրջանային վարչության մշակույթի բաժնի ղեկավար Թեա Աբրամիշվիլին և ուրիշներ: Աղայանի տուն-թանգարանի բակում հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ, մեծ մանկագիր-հրապարակախոսի ազգականները և ուրիշներ: Տոնի իրականացմանը աջակցել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, հովանավորել Քվեմո Քարթլիի նահանգապետարանը և Բոլնիսի մունիցիպալիտետը:

Հյուրերը ծաղկեփնջեր խոնարհեցին տուն-թանգարանի բակում բարձրացված մեծ գրողի արձանին: Այցելուները դիտեցին տուն-թանգարանում պահպանվող իրերը, զգացին այն ստեղծագործական մթնոլորտը, որը նպաստել է գրողի գրական մոտեցումների, մանկավարժական աշխարհայացքի, հասարակական մտածելակերպի ձևավորմանը:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ,աղայանական օրվա անընդմեջ իրականացնող Գևորգ Սնխչյանը: Նա անդրադարձ կատարեց մեծ գրողի կենսագրության և գրական գործունեության էջերին, խոսեց այն անգնահատելի ներդրման մասին, որ կատարել է անվանի մանկագիրն ու մանկավարժը հայ մանուկի դաստիարակության, բազմաժանր ստեղծագործողը՝ հայ գրականության զարգացման, հասարակական գործիչը թումանյանական «Վերնատան» ստեղծման գործում:

Տոնահանդեսին ելույթ ունեցան և Ղազարոս Աղայանի գործունեության մեծարման, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության հարատևության խոսք ասացին Բոլնիսի շրջանային վարչության նախագահ Դավիթ Շերազադիշվիլին, Հայաստանի գրողների միության պատվիրակության ղեկավար,արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը, նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյանը, տեղի հանրային դպրոցի տնօրեն Մեխակ Սարգսյանը, ուսուցչուհի Զոյա Ռոստոմյանը և ուրիշներ: Բանախոսների կողմից կարևորվեց Ղազարոս Աղայանի տուն-թանգարանի վերանորոգման անհրաժեշտությունը: Բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի առաջարկությամբ ներկայացվեց հայ գրողների համաշխարհային հնգյակը Հովհաննես Թումանյանի,Ղազարոս Աղայանի,Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Լևոն Շանթի կազմով, մեկնաբանվեց նրանցից յուրաքանչյուրի դերը հայ գրականության ծիրում:

Միջոցառման գեղարվեստական մասը վարեց ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը: Աղայանական տոնը գրական մոնտաժով գեղեցկացրեցին տեղի հանրային դպրոցի սաները՝ ուսուցչուհի Հրանուշ Խուբլարյանի ղեկավարությամբ: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն»պարային համույթը, դուդուկի և դհոլի խմբերը և մենակատարներ Անի Հովհաննիսյանը և Անի Թորոսյանն իրենց ելույթներով հիրավի տոնական դարձրին օրը Բոլնիս-Խաչենում, բնակչությանը պարգևելով ժողովրդական, հայրենասիրական, ազգային երգի ու պարի գեղեցիկ համարներ:

Ողջ օրվա ընթացքում Բոլնիս-Խաչենում թևածում էր աղայանական ստեղծագործության շունչը, վերստին հիշեցնելով, որ արժանավոր հայորդին 177 տարի շարունակ «ապրում է» իր ծննդավայրում,չկորցնելով արդիականությունն ու ստեղծագործությունների հմայքը:

Հիշեցնենք, որ Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 16-ին, Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: Սովորել է Թբիլիսիում, Ներսիսյան դպրոցում: 1867 թվականից նվիրվել է մանկավարժական և գրական գործունեությանը: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, մանկական հեքիաթներ, թարգմանել է Պուշկինի և Կռիլովի ստեղծագործությունները: Պայքարել է կրթության ժողովրդավարության համար, պաշտպանել է դաստիարակության ժողովրդականացման սկզբունքը: Թողել է հարուստ գրական ժառանգություն, հեղինակել է դասագրքեր և մանկավարժական հոդվածներ:

18-րդ դարի վերջերին, 35 ծուխ տեղահանվելով Ղարաբաղի Սեյդրշեն գյուղից, հաստատվել է Խաչենում և տեղում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին: 1884 թվականին կից հիմնել են ծխական դպրոց: Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է ակումբի: Ներկայումս գյուղում չկա ոչ եկեղեցի և ոչ էլ աղոթատեղի, 1970 թվականին գյուղում կառուցվել է դպրոցական նոր շենք, որտեղ այսօրվա դրությամբ սովորում է 190 աշակերտ: Գյուղն ունի շուրջ 500 տնտեսություն՝ 2000-ին մոտ բնակչությամբ: 

IMG 4497 IMG 4538 IMG 4582 IMG 4629 

IMG 4640 IMG 4789 IMG 4836 IMG 5254 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)