Բարեկարգվեց Խոջիվանքի հայոց պանթեոնը |
Լուրեր |
Հայկական հետքը և մշակութային արժեքները առավելապես շատ են Վրաստանում, ի մասնավորի Թբիլիսի քաղաքում: Տեղի հայ համայնքը առանձնահատուկ հոգատարությամբ և խնամքով է վերաբերվում դրանց պահպանության և բարեկարգման գործին: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են բարեկարգման աշխատանքներ հայկական մշակութային ժառանգության տարբեր վայրերում: 2017 թվականի մայիսի 6-ին, Վիրահայոց Թեմի վարչա-տնտեսական բաժնի առաջարկությամբ և երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց շաբաթօրյակ Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Երիտասարդական բաժնի կամավորական վարժանքի մասնակից 15 տղաներ և աղջիկներ, բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ, զինված տարբեր աշխատանքային գործիքներով, ուղղվեցին դեպի Խոջիվանքի պանթեոն: Ամբողջ օրվա ընթացքում երիտասարդները մեծ ջանասիրությամբ խոտհան արեցին պանթեոնի տարածքը, հավաքեցին աղբը, փխրեցրին ծառերի հողը, ջրով ողողեցին շիրմաքարերը և ամբողջությամբ բարեկարգեցին հայոց գերեզմանոցը: Օրվա վերջին երիտասարդները ֆիզիկապես հոգնած, բայց հոգեպես մեծ բավականություն ստացած ավարտեցին աշխատանքները: Ազգային հետքի պահպանությունը և խնամքը մշակութային արժեքների նկատմամբ յուրաքանչյուր մարդու պարտականությունն է, առավել ևս եթե այդ արժեքները գտնվում են հայրենիքից դուրս: Առաջիկայում շաբաթօրյակ կանցկացվի նաև Վերեի հայկական գերեզմանոցում: Վիրահայոց թեմում շաբաթօրյակների միջոցով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունը շարունակական է: |