1

fb you od

Մեր մայրենին հազարագանձ PDF Տպել Էլ.փոստ

Mayreni lezu 

2017 թվականի մայիսի 7-ին մեսրոպատառ հայերենի շունչն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Օրը հիշարժան էր, թեև ուշացումով, բայց մեծ նվիրումով Վիրահայոց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի նախաձեռնությամբ նշվեց մայրենիի օրը:

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականով. ծնողներ, ուսուցիչներ,թբիլիսահայ հասարակայնության անդամներ: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:

Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի, ՀՀ «Մովսես Խորենացի»  և Վրաստանի «Պատվո» շքանշանների ասպետ  Ռոզա Զոհրաբյանը անդրադարձ կատարեց 2000 թվականից ի վեր փետրվարի 21-ը մայրենիի միջազգային օր հռչակելու նախադրյալներին և արձանագրեց, որ 2005 թվականից օրը մտել է նաև Հայաստանի տոնացույցի մեջ: Վրաստանը մայրենիի օրը տոնում է ապրիլի 14-ին:  

Կիրակնօրյա դպրոցի առաջին և երկրորդ դասարանների տարբեր տարիքի ու մասնագիտության սովորողների ելույթը գրական մոնտաժի ձևաչափով էր: Դա տարիներ առաջ մայրենիից կտրված, հատ ու կենտ բառեր գիտեցող հայորդիների խոնարհումն էր իրենց մայր լեզվին, ծնող ժողովրդին, վերադարձը իրենց արմատներին, սկսնակ լեզվով մեսրոպատառ հայերենի մեծարումն էր և հպարտությունը հայ լինելու համար: Իրենց գեղեցիկ ելույթները հոգեբուխ և սրտալից, հասկանալով ու խոր ըմբռնումով ներկայացրեցին ազգասիրության շունչ ստացած կիրակնօրյա դպրոցի սաները:

Հայրենասիրական մեծ պաթոսով արժևորվեց մայիսի 9-ին նշվող Շուշիի ազատագրության պանծալի 25-ամյակը, որը բացի հայ ժողովրդի հարատևության, հերոսական պայքարի և մեծ հաղթանակի տոն լինելուց, նաև Հայաստանի հզորության ու հայ ժողովրդի միասնության երաշխիքն է:

Կիրակնօրյա վարժարանի սովորողների ուժերով ներկայացվեց ծաղկաքաղ հայերենի՝հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հնագույն  լեզվի,լեզվական հարուստ բառաֆոնդի, բարբառների, երկու հնագույն լեզուների մասին՝ հայոց լեզվին տրված աշխարհի մեծերի գնահատականով, հայոց լեզվին նվիրած տարբեր հեղինակների բանաստեղծություններով և հնամենի լեզվի մասին ազգի մեծերի ու ճանաչված անհատների  ասույթներով:

Ներկաներին հղելով իր օրհնությունը, Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց արդեն 2 տասնյակից ավելի տարիներ թբիլիսահայ հասարակայնությանը հայախոս դարձնելու, մայրենին սիրելու, հայրենիքի և լեզվի մասին ավելի խորը իմանալու և այդ ամենը կյանքի ուղեկից դարձնելու գործում վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի ներդրումը: Տպավորությունը վեր էր ամեն ինչից, միջոցառումը բարձրարժեք՝ գեղեցիկ հայերենով, հարուստ բովանդակությամբ և դինամիկ ընթացքով, ինչը ուսուցչի արհեստավարժ լինելու վկայությունն է, իր խոսքում կարևորեց Թեմակալ առաջնորդը:

Միջոցառման դինամիկությանը օժանդակեց նաև «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբի՝ խմբավար Մարիա Աբուլյան և պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի կողմից հայրենաշունչ երգերի կատարումը:

Վերջում շնորհավորելով կիրակնօրյա դպրոցի սաներին մայրենիի տոնի կապակցությամբ, Գայանե Բոստանջյանը նրանց նվիրեց մոր՝ հանգուցյալ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի հայերեն և վրացերեն թարգմանությամբ գրքերը:

Հիրավի մայրենիին նվիրված տոնահանդեսը դարձավ հայոց լեզվի նկատմամբ սիրո և հպարտության այն զգացումը, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է: Միջոցառումն ավարտվեց մայրենին պահպանելու և սերունդներին հանձնելու ներկաների երդումով:

IMG 4114 IMG 4295 IMG 4305 IMG 4371 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)