Խաչի երթը սկսվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի 14-ին,Ավագ Ուրբաթ օրը առավոտյան մարդաշատ էր Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Թբիլիսիի Սուրբ Գևորգ Եկեղեցին: Հավաքվել էին ինչպես հայ, այնպես էլ Վրաստանի Ավետարանական-մկրտական, Հռոմեա-կաթոլիկական, գերմանական-լյութերական և Կաթոլիկ Եկեղեցիների հավատացյալները: Իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ, Գերաշնորհ Մալխազ արքեպիսկոպոս Սոնղուլաշվիլին, Գերաշնորհ Տեր Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին և Գերաշնորհ Տեր Ռուսուդան եպիսկոպոս Գոցիրիձեն, ինչպես նաև Վիրահայոց թեմի Ռուսթավիի և Մառնեուլիի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Օրվա խորհուրդը Քրիստոսի խաչով քրիստոնյաների միավորումը և միասնությունն է: Արարողությունը սկսվեց «Հայր մերով», որից հետո հյուրերը երգեցին հոգևոր երգեր և աղոթք արեցին, որից հետո ընթերցվեց Ավետարանից խաչելության դրվագը և Եկեղեցու դպրաց դասը երգեց «Խաչ ի քո Քրիստոս» շարականը: Արարողության ավարտին ներկաներին իր ողջույնը և օրհնությունը բերեց Վիրահայոց Թեմի առաջնորդը, ապա շնորհակալության խոսք ասաց Ավետարանական – մկրտական եկեղեցու առաջնորդը: Արարողությունն ավարտվեց ջրի և խաչերի օրհնությամբ, որից հետո Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկիոպոսի և Գերաշնորհ Տեր Մալխազ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ հոգևորականները և հավատացյալ ժողովուրդը, վերցրած Հիսուսի խորհրդավոր խաչափայտը, թափորով շարժվեցին դեպի Թբիլիսիի հռոմեական-կաթոլիկ Եկեղեցի: Տպավորիչ էր, որ ճանապարհին մարդիկ կանգնում, խաչակնքվում էին և իրենց խոնարհումը բերում Տիրոջ խաչափայտին: Խաչի երթի խորհուրդը Թբիլիսիում տարիներ առաջ հիմնել է Ավետարանական-Մկրտական Եկեղեցին և ամեն տարի, Ավագ Ուրբաթ առավոտյան երթը սկսվում է Վիրահայոց առաջնորդանիստ Սուրբ Գևորգ Եկեղեցուց, շարունակվում դեպի Հռոմեական-կաթոլիկական և Գերմանական-լյութերական Եկեղեցի ու ավարտվում Ավետարանական-Մկրտական Մայր Եկեղեցում: |