1

fb you od

Կինը Հայոց ցեղասպանության տարիներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Kin ev cexaspanutyun 

2017 թվականի ապրիլի 12-ին, Վիրահայոց թեմում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների շարքից տեղի ունեցավ «Կինը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հետ համատեղ: Նպատակն էր ընդարձակելով լսարանի շրջանակները, օտարալեզու ունկնդրին, նրանց հասկանալի լեզվով, ներկայացնել Հայոց ցեղասպանության արհավիրքները և կնոջ հերոսական կերպարը հայ ինքնության պահպանության գործում:

Դահլիճը բազմազգ էր և ներկայացուցչական՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի նախագահի, Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմերի, Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի փախստականների ինտեգրման «Բաց տուն» նախագծի,Վրաստանի կանանց խորհրդի, եզդիական կրոնական և աշխարհիկ, օսական համայնքների ներկայացուցիչներ և թբիլիսահայ հասարակայնության անդամներ:

Օրվան համահունչ էր դահլիճը. արյունով ներկված Եփրատ գետի նմանակում, հայ կնոջ գլխաշոր, ավազի հատիկների մեջ կորչող խաչ և աշխարհասփյուռ հայության խորհրդանիշ նռան հատիկներ ու մոմեր, որոնք վառվեցին բանախոսների կողմից ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Բացելով միջոցառումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանն իր խոսքում արձանագրեց, որ հայ կինը պատմության բոլոր ժամանակաշրջաններում եղել է հայ ազգի ինքնության տաճարի հիմնասյուներից մեկը՝ պահելով ու պահպանելով ընտանիքը, լեզուն, հավատքը և մշակույթը: Ցեղասպանության տարիներին անցնելով բարբարոսային տանջանքների, բռնաբարության և մահմեդականացման արհավիրքի միջով, հայ կինը գաղտնի թե բացահայտ կարողացել է պահել ազգայինը, իր զավակներին օրոր ասել ու աղոթել մայրենիով:

Բանախոսներ Վրաստանի խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Անժելա Սարոյանը, հասարակական գործիչ Սլավա Մեժդոյանը իրենց ելույթներում փաստագրական մեջբերումներով, հետաքրքիր խոսքով և գունապատկերներով լուսաբանեցին ցեղասպանության տարիներին Հայ կնոջ տարած սարսափներն ու տառապանքները, դաջվածքներն ու մարտիրոսվելը: Անդրադարձ կատարեցին 20-րդ դարի սկզբներին հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային ոճրագործության թեմային աշխարհի տարբեր ազգի կինոռեժիսորների հետաքրքրությանը և նկարահանած վավերագրական կամ գեղարվեստական ֆիլմերին:

Իսկ Իննա Սուքիասյանի խոսքը դարձավ բոլոր այն երկրներին և առաքյալներին ուղղված երախտագիտության արտահայտություն, ովքեր կատարեցին որբահավաք, այն երկրներին, ովքեր ապաստարան տվեցին և ապրելու հնարավորություն ընձեռեցին մազապուրծ փրկված հայերին: Բանախոսը ներկայացրեց «Ավրորա» մրցանակը և հնչեցրեց մրցանակի հիմնադիրներ ազնիվ հայորդիներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի անունները, կարևորեց, որ այդ մրցանակի առաջին դափնեկիրը կին է՝ և որ Ավրորա մրցանակը ամեն տարի ապրիլի 24-ին շնորհվելու է ամենամեծ մարդասերին:

Վերջում ցուցադրվեցին Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» և «Ավրորա» մրցանակի մասին վավերագրական ֆիլմեր:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Վիրահայոց թեմում շարունակվում են:

IMG 9838 IMG 9841 IMG 9859 IMG 9874 

IMG 9896 IMG 9909 IMG 9916 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)