Ուխտագնացություն և Սուրբ Պատարագ Բոլնիս քաղաքում |
Լուրեր |
2017 թվականի ապրիլի մեկին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցով նշվեց Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակության օրերից առաջինը՝ Մուտնի ի Վիրապի օրը: Տոնը Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Պատարագներով և ուխտագնացություններով: Վաղ առավոտյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ուխտավորների մի խումբ Վիրահայոց թեմի Բոլնիսի և Թեթրիծղարոյի հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ, Սուրբ Պատարագի մեկնեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Բոլնիս քաղաք: Բոլնիսում գործող հայկական եկեղեցի չլինելու պատճառով, այստեղ պարբերաբար անց են կացվում ծիսական արարողակարգեր տեղի լյութերական եկեղեցում: Թբիլիսիից ժամանած 50-ից ավելի ուխտի եկած հավատացյալներին միացավ տեղի սակավաթիվ հայությունը: Արժանապատիվ Տեր Հուսիկ քահանան մատուցեց Հայոց առաջին հովվապետի հիշատակին՝ Մուտն ի Վիրապի օրվան նվիրված Սուրբ և Անմահ պատարագ: Տոնի կապակցությամբ հավատացյալները ունեցան խոստովանվելու և հաղորդություն ստանալու հնարավորություն: Սրբի կամքի ու դիմակայելու ուժով լիցքավորված հավատացյալները վերադարձան Թբիլիսի: Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսը տարածեց հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: |