ՀՀ Սփյուռքի նախարարության տեսակապը Վիրահայոց թեմի Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի հետ |
Լուրեր |
2017 թվականի մարտի 24-ին կայացավ տեսա-կապ ՀՀ Սփյուռքի նախարարության և Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի միջև: Աշխարհասփյուռ հայությանը համախմբող մայր հայրենիքի կառույցի նպատակն էր անմիջական կապի միջոցով ծանոթանալ աջարահայ համայնքի, ի մասնավորի Բաթումիի համայնքի գործունեությանը, հուզող խնդիրներին և ապագայի տեսլականին: ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսակապին մասնակցող համայնքային գործիչներին, ծխական խորհրդի անդամներին, Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի ուսուցչական կազմին,խոսեց Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին, հորդորելով բաթումահայությանը ակտիվորեն ընդգրկվել դրանց կյանքի կոչելուն: Տեսակապին մասնակցում էր Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը: Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության և Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, տեսակապին մասնակցող Սփյուռքի նախարարության աշխատակազմին ներկայացրեց Աջարիայի շուրջ 10 հազարանոց համայնքը,Հայոց Եկեղեցու այն հոգևոր, քարոզչական և դաստիարակչական աշխատանքը, որը նպատակաուղղված է Սուրբ Փրկիչ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը և գործունեության կենտրոնացմանը: Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հանգամանալից խոսեց կենտրոնի աշխատանքների մասին, որոնք ուղղորդված են մայրենի լեզվի պահպանությանը, ազգասիրության և հայրենասիրության ոգով սերունդների դաստիարակությանը, գոհունակության խոսքեր ուղղեց կենտրոնում աշխատող մանկավարժների հասցեին, ում անբասիր նվիրումի ուղենիշը արտերկրում հայի ինքնության պահպանումն է: Տեսա-կապի ժամանակ բաթումահայ համայնքի ներկայացուցիչների կողմից արժևորվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությունը կենտրոնի գործունեությանը, ամեն տարի իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, «Արի տուն» երիտասարդական ծրագիրը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, քննարկվեցին կրթա-մշակութային, հայեցի դաստիարակության և ազգապահպանության ոլորտում առկա խնդիրները: ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ի դեմս նախարար տիկին Հակոբյանի, աջակցություն խոստացավ ազգային ինքնության պահպանությանն ուղղված հարցերի կարգավորման, Բաթումիի հայ համայնքին նախարարության երիտասարդական ծրագրերին առավել ընդգրկման գործում: Ամփոփելով տեսակապը որոշվեց նման օնլայն հանդիպումները դարձնել պարբերական, ինչը կնպաստի Հայրենիք-Սփյուռք համագործակցության ամրապնդմանը: |