1

fb you od

ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Թբիլիսիի Հայոց եկեղեցիներ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

hh-varchapet 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, 2017 թվականի փետրվարի 24-ին, պատվիրակության անդամների հետ միասին այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցիներ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում բարձրաստիճան հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի հետ:

Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Սայաթ-Նովայի գերեզմանին և եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալների տապանաքարերին:

ՀՀ վարչապետը և կառավարության անդամները դիտեցին հնամենի զորավոր Սուրբ Գևորգ եկեղեցին: Վիրահայոց թեմի առաջնորդը մայր հայրենիքից ժամանած հյուրերին ողջունեց և ներկայացրեց եկեղեցու պատմությունը: Սրբազան Հայրը ՀՀ վարչապետին և պատվիրակության անդամներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքը: Վազգեն Սրբազանն իր գնահատանքը հայտնեց ՀՀ կառավարությանը, որը Սփյուռքի նախարարության միջոցով շարունակում է վիրահայ համայնքային կառույցներին, ինչպես նաև Վիրահայոց թեմին աջակցությունը: Սրբազան հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց ազգային բարերար Ռուբեն Վարդանյանին և նրա ընկերներին եկեղեցու վերակառուցումն իրականացնելու համար և նշեց նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ներդրումը: Սրբազան Հայրը արժևորեց վրաց իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայոց հոգևոր թեմի և հայ համայնքի նկատմամբ, վիրահայ համայնքի դերն ու կարևորությունը հայ-վրացական բարեկական կապերի զարգացման և ամրապնդման գործում: Վարչապետ Կարապետյանը Վիրահայոց թեմին նվիրեց Աստվածամոր պատկերով նկար, իսկ Թեմակալ առաջնորդը՝ վարչապետին փոխանցեց IDеА հիմնադրամի կողմից հրատարակված Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցմանը նվիրված գիրք-ալբոմը:

Եկեղեցու Սուրբ Սարգիս և Սրբոց Վարդանանց խորաններում մոմեր վառելուց և աղոթք բարձրացնելուց հետո, ՀՀ վարչապետի և կառավարության անդամների շքախումբն ուղղվեց դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի մուտքի մոտ բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին տեղի հոգևոր դասը և թեմի պաշտոնեությունը:

ՀՀ վարչապետն իր խոնարհումը բերեց Հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին և ծաղիկներ դրեց պատվանդանին:

Վարչապետ Կարապետյանն իր շքախմբով այցելեց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոն: Հյուրերը դիտեցին կենտրոնում գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը, որի սաները ողջունեցին բարձրաստիճան հյուրերին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ:

Այնուհետև կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Թբիլիսիի և հայաբնակ մյուս տարածաշրջաններից ժամանած հայազգի պետական, հասարակական և քաղաքական գործիչների, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Վազգեն սրբազանը բարիգալստյան խոսքեր ուղղեց ՀՀ կառավարությանն ու նրա անդամներին և խոսքը փոխանցեց Հայաստանի վարչապետին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունելով ներկաներին, անդրադարձ կատարեց իր պաշտոնական այցին և պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին: Երջանկահիշատակ թբիլիսահայ նկարիչ Լև Բայախչևի այրին՝ տիկին Ելենա Բայախչևան ՀՀ վարչապետին նվիրեց մեծավարպետ նկարչի աշխատանքը, ում անհատական ցուցահանդեսը կազմակերպված էր «Հայարտուն» կենտրոնում:

Այցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը այցելեցին Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոն, որտեղ նրանց դիմավորեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը: Կայացավ կարճատև հանդիպում թատրոնի տնօրինության հետ, որտեղ ներկայացվեցին թատրոնի աշխատանքները և վերանորոգության հարցերը: 

IMG 3560 IMG 3605 IMG 3617 IMG 3708 

IMG 3899 IMG 3985 IMG 3992 IMG 4111 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)