1

fb you od

Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

1921168 

2015 թվականի նոյեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց շնորհաշատ վարպետ, բազմակողմանի ստեղծագործող Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» խորագրով անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար, մշակույթի հարցերով պատասխանատու Էլինա Մկրտչյանը, դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Վրաստանի գրողների միության համանախագահ Բաղաթեր Արաբուլին, «Ցիսկարի» ամսագրի գլխավոր խմբագիր Ամիրան Գոմարթելին, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Սրահի երկայնքով դրված սեղաններին շարվել էին տարբեր տարիքի, դիրքի ու կարգավիճակի, տարբեր ազգի ու դավանանքի, տարբեր գրքերի ու կինոնկարների, տարբեր դարաշրջանի հերոսները, որոնք հասարակությանը լավ ծանոթ կերպարներ են և ցուցահանդեսի այցելուին ներկայացել էին Արմեն Հովհաննիսյան բանաստեղծի, նկարչի և տիկնիկագործի մտքի սլացքով ու հմուտ ձեռքերով ստեղծված տիկնիկների տեսքով:

Ներկաները անթաքույց զարմանքով ու հիացմունքով, սիրով ու ակնածանքով դիտում էին «կենդանացած» Քաջ Նազարին ու Ուստիանին, Փուփալին ու Խանումային, Սերգո Փարաջանովին ու Ֆրունզիկ Մկրտչյանին, Քամելիազարդ տիկնոջն ու Երազող աղջկան, Կոմիտասին ու Ցեղասպանությունից փրկված ընտանիքի անդամներին, Ջութակահարին ու Ղարաչոխելուն, Նատալիային, Անուշին, Սարոյին...

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը խոսեց Արմեն Հովհաննիսյանի ստեղծագործական այն գործընթացի մասին, որը ներառում է գրականության, գեղանկարչության, ժողովրդական, ազգագրական, դասական արվեստի, կենցաղի ու ինքնության տարրերի ճիշտ արտահայտությունը, արդյունքում տալով ժամանակի շունչն ու ոգին, դառնալով հերոսի ճիշտ կերպարանավորում:

Աներևակայելի մանրակրկիտ աշխատանք, կոկիկություն, զերծ որևէ ավելորդությունից կամ մանրուքից, որ սկսվում է կավից, գիպսից, հասնում քանդակի աստիճանի, այնուհետև գեղանկարչի վարպետությամբ ստանում բնավորություն, հանդերձավորվում որպես կերպար ու վերածվում տիկնիկ հերոսի – ահա սա է տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի ստեղծագործության ճանապարհը, որը արժևորվեց Վրաստանի գրողների միության համանախագահ Բաղաթեր Արաբուլիի, գեղանկարիչ Ջովաննի Վեփխվաձեի, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի, ստեղծագործող Մոնիկա Քուրքչյանի և մյուսների ելույթներում:

Երախտագիտության իր խոսքում շնորհաշատ վարպետը նշեց, որ տիկնիկը ստեղծվում է մտքի հղացմամբ, առանց նկարի ու էսքիզի, առանց զննման ու զարդակաղապարման, ներքին պատկերացումով, մտքի թելադրանքով, նրանց հետ իր զրույցով, նրանց զգացումներով ու հոգեվիճակով, վերջում ստանալով ազգային տեսք, հանդերձավորում և տարբեր ատրիբուտներ:

Ցուցահանդեսն ընթացավ կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի (խմբավար Մարիա Աբուլյան, դաշնակահար Կարեն Միրզոյան) և դհոլի ու դուդուկի խմբակների (ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձե և Իվանե Մկրտչյան) կատարումներով, ինչպես նաև մարմնավորող հերոսներին հիշեցնող ֆիլմերից հատվածների ցուցադրությամբ:

DSC04467 DSC04469 DSC04470 

DSC04483

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)