1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր

 

Սբ. Աթանաս և Սբ. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների եւ ուսմունքների:

Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: Սբ. Աթանասը, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: 

Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում: Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ Տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

Նշման ամսաթիվը

26.07.2008
24.01.2009
23.01.2010
22.01.2011
21.01.2012
27.07.2013
25.01.2014
01.08.2015
23.07.2016
21.01.2017
28.07.2018
26.01.2019
25.01.2020
23.01.2021
22.01.2022
21.01.2023
27.06.2024
25.01.2025
01.08.2026
31.07.2027
22.01.2028
28.07.2029
26.01.2030