1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Թեկղի, Վառվառա և Պեղագեա Սբ. կույսերի հիշատակության օր

 

Սբ. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Նա որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրև է եկել և կրակը չի բորբոքվել: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել  Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել  90 տարի:

Սբ. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկար տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից:
Սբ. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել և իր թանկարժեք զգեստները վաճառելով` բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար, հրաշեկ հնոցում այրվել է:

Նշման ամսաթիվը

07.10.2008
06.10.2009
05.10.2010
04.10.2011
09.10.2012
08.10.2013
07.10.2014
06.10.2015
04.10.2016
10.10.2017
09.10.2018
08.10.2019
06.10.2020
05.10.2021
04.10.2022
10.10.2023
08.10.2024
07.10.2025
06.10.2026
05.10.2027
10.10.2028
09.10.2029
08.10.2030