1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր

 

Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Սբ. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցելուց` քարկոծվելով մահացել է:

Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ, սկսած Նրա մկրտությունից և մինչև Նրա համբարձումը: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիոտացու փոխարեն: (Տես՝ Գործք Առաք. 1:  21-23):

Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից:

Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության, առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:

Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Սբ. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով:

Շիղան եղել է Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

Նշման ամսաթիվը

14.10.2008
13.10.2009
12.10.2010
11.10.2011
16.10.2012
15.10.2013
14.10.2014
13.10.2015
11.10.2016
17.10.2017
16.10.2018
15.10.2019
13.10.2020
12.10.2021
11.10.2022
17.10.2023
15.10.2024
14.10.2025
13.10.2026
12.10.2027
17.10.2028
16.10.2029
15.10.2030