1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

 

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: 

Նշման ամսաթիվը

19.05.2008
08.06.2009
31.05.2010
20.06.2011
04.06.2012
27.05.2013
16.06.2014
01.06.2015
23.05.2016
12.06.2017
28.05.2018
17.06.2019
08.06.2020
31.05.2021
13.06.2022
05.06.2023
27.05.2024
16.06.2025
01.06.2026
24.05.2027
12.06.2028
28.05.2029
17.06.2030