1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

 

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան»   տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին  եկեղեցական ժողովի կողմից  29 անհիմն ամբաստանություններով, աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը:

Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները:  Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում: Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին, սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:

Նշման ամսաթիվը

30.10.2008
29.10.2009
30.10.2010
29.10.2011
01.11.2012
31.10.2013
30.10.2014
29.10.2015
29.10.2016
02.11.2017
01.11.2018
31.10.2019
29.10.2020
30.10.2021
29.10.2022
02.11.2023
31.10.2024
30.10.2025
29.10.2026
30.10.2027
02.11.2028
01.11.2029
31.10.2030