![]() |
![]() |
![]() |
Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի
Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի եւ տաճարի կառուցման մասին է: Նշման ամսաթիվը25.05.2008 |