1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

 

Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արեւելքցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում եւ քաղաքի սահմաններում գտնվող մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար: Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաեւ հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով մարդկային անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ, ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին, Կոտրիատիոսը եւս գլխատվել է:

Նշման ամսաթիվը

26.05.2008
15.06.2009
07.06.2010
27.06.2011
11.06.2012
03.06.2013
23.06.2014
08.06.2015
30.05.2016
19.06.2017
04.06.2018
24.06.2019
15.06.2020
07.06.2021
20.06.2022
12.06.2023
03.06.2024
23.06.2025
08.06.2026
31.05.2027
19.06.2028
04.06.2029
24.06.2030