1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Երկրորդ Ծաղկազարդ

 

Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը: 

 Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ո±վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, - կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):

 Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը եւ մահվանից հետո երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգեւում:

Նշման ամսաթիվը

04.05.2008
24.05.2009
16.05.2010
05.06.2011
20.05.2012
12.05.2013
01.06.2014
17.05.2015
08.05.2016
28.05.2017
13.05.2018
02.06.2019
24.05.2020
16.05.2021
29.05.2022
21.05.2023
12.05.2024
01.06.2025
17.05.2026
09.05.2027
28.05.2028
13.05.2029
02.06.2030