1eng

 

fb you od

Գուսան Հավասու ավանդական երգի տոնը Ծալկայում PDF Print E-mail

576395 273423842774435 1338389476 n

Սեպտեմբերի 29-ին տոնական տեսք էր ստացել Ծալկայի շրջանի Այազմա գյուղը: Ժողովուրդը, որ հավաքվել էր գյուղի մերձակա տարածքում, եկել էր կրկին ըմբոշխնելու գուսանական երգի հմայքը, կրկին զարմանալու այս հող ու ջրով սնված, այս ժողովրդի ծոցից դուրս եկած Գուսան Հավասու ստեղծած երգ ու քառյակի, երաժշտության ու բանաստեղծության միջոցով արտահայտված գաղափարներով: Ու եկել էին հայ գուսանական արվեստի սիրահարները, Մեծն Հավասու երգի ու խոսքի երկրպագուները ներկա գտնվելու այն ավանդական երգի տոնին, որը նաև խոնարհում է հայ երգարվեստի վարպետ Գուսան Հավասու հիշատակի առջև:

310565 273423676107785 1709877897 n

Ու հնչում էր Հավասու երգն ու երաժշտությունը նրա ծննդավայր Այազմայում, որտեղ հանդիսավորապես մեծարվում էր մեծ աշուղը: Գուսան Հավասու երգի տոնին նվիրված հանդիսությանը ժամանել էին հյուրեր Թբիլիսիից և Վրաստանի այլ շրջաններից: Տոնական հանդիսությանը մասնակցում էին Ծալկայի տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներ Միխեիլ Ցքիտիշվիլին, Վարդո Եղոյանը, Գոչա Խաչատրյանը և այլոք: Միջոցառմանը իր մասնակցությունն էր բերել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն աբեղա Սալբիյանը:Ներկաների շրջանում էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» գրական-մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ կենտրոնի աշխատանքների համակարգող Լևոն Չիդիլյանի և տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանի գլխավորությամբ : Հանդիսությանը ներկա էին Գուսան Հավասու հարազատները:

Գուսան Հավասին, (Արմենակ Մարկոսյան) որ գրել է 2000 երգ և 1500 քառյակ, հորինել մեղեդիներ, իր ստեղծագործությամբ արձագանքել է ժամանակաշրջանի բոլոր հարցերին: Նրա միտքը ամեն անգամ նորովի է արտահայտվել հայրենիքին, ծննդավայրին, սիրած էակին նվիրված երգերով և բանաստեղություններով:

Եվ զարմանալի չէր, որ բոլոր բանախոսները, առանձնահատուկ ընդգծեցին դեռևս մանուկ հասակում տեսողությունից զրկված, սակայն կյանքին լավատեսորեն նայող մեծ գուսանի լայն մտահորիզոնն ու հարուստ ներաշխարհը:

Ու տարածվեց երգն ու պարը Այազմա գյուղում: Ու ցնծաց հավաքված բազմությունը, երբ բեմահարթակի վրա միմյանց հաջորդեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մենակատարներ Անահիտ Հարությունյանի, Աննա Պողոսովայի և Ռուբեն Ոսկանյանի փայլուն կատարմամբ Գուսան Հավասու և այլ ժողովրդական երգեր, երբ գեղանի պարերով հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացավ «Հայարտան» «Ջեյրան» պարային համույթը (պարուսույց Սվետլանա Երիցյան): Ոգևորիչ էր տոնահանդեսի վարող Լևոն Չիդիլյանի՝ հայ արվեստը տեղում զարգացնելու կոչը և պաթոսով ասմունքը, հատկապես Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հոգեբուխ արտասանությամբ:

Տոնահանդեսը համեմված էր վրացական երգի ու պարի արհեստավարժ կատարումներով, որոնց կատարմամբ հանդես եկան Ծալկայի շրջանային վարչությանը կից գործող ստեղծագործական խմբերը: